Փաշինյանի նախատոնական նվերը Ադրբեջանին

Արցախի հարցի շուրջ ընթացող «ստորջրյա» գործընթացները անհանգստացնող են։ Տպավորություն է, որ բանակցությունների ժամանակ քննարկվում են հարցեր, որոնց մասին հայ հանրությունը և քաղաքական շրջանակները չեն տեղեկացվում։

Այս մտահոգությունները առավել ակնառու դարձան, երբ իշխանական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն արեց, կապված Ղարաբաղյան հարցի բանակցություններում այսպես ասած Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հնարավոր մասնակցության հետ, որի համաձայնությունը, ըստ պատգամավորի տվել է Նիկոլ Փաշինյանը․«Վարչապետը հայտարարել է՝ խնդիր չի տեսնում, որ բանակցությանն Ալիևի հետ գան նաև իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ»,-ասել էր Իգիթյանը։

Պատգամավորի այս հայտարարությունը բավական վտանգավոր սցենարի մասին է խոսում։ Ըստ էության, եթե Փաշինյանի համաձայնությունը վերջնականապես լինի, ապա բանակցությունների կողմ է դառնալու «ադրբեջանական համայնք» կոչված անհասկանալի միավորը։ Սա անթույլատրելի է, քանի որ Արցախի հետ համարժեք կողմ է դառնում համայնք Եվ սա այն դեպքում, երբ գրեթե 30 տարի Արցախը ունի պետական ինսիտուտներ, սահմանադրություն, բանակ։ Արցախն իհարկե չճանաչված, բայց կայացած պետություն է, որին համարժեք չի կարող համարվել որևէ համայնք, անգամ եթե դա կիրթ ադրբեջանական է։

Փաշինյանն իհարկե կարող է դեռ հետ կանգնել այս գաղափարից, բայց այս պահին պատգամավոր Իգիթյանի արտահայտած միտքը կարելի է համարել նախատոնական նվեր Ադրբեջանին ու վստահ կարելի է ասել, որ ադրբեջանական կողմը օգտվելու է այս հնարավորությունից։

Գործող իշխանությունը և վարչապետ Փաշինյանն անձամբ պետք է պատասխանատվություն կրեն այս բացթողման համար, եթե իհարկե սա միտումնավոր նախաձեռնություն չէ։ Նրանք պետք է նաև պատասխանեն մեկ հարցի՝ ով է Հայաստանի իշխանություններին իրավունք տվել Արցախի հետ համարժեք դարձնել այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքին։