Փաշինյանի կորցրած ձայները գնում են Ծառուկյանի...

Քաղաքական դաշտում մեծ արագությամբ իրավիճակ է փոխվում։ Որքան թուլանում է հասարակության մոտ էյֆորիան, որքան շատ են գործող իշխանությունները ցույց տալիս իրենց անկարողությունը պետության կառավարման գործում, այնքան արագ է հասարակությունը հիասթափվում։

Ազգային Ժողովի վերջին  ընտրություններին իշխանական «Իմ քայլը» դաշինքը հավաքել էր 70 տոկոս ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 8,2 տոկոս ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 6,3 տոկոս ձայն։

Քաղաքական ուժերի համար վերջին ընտրությունների ահա այս արդյունքներն էին  քաղաքական դաշտի իրական պատկերը համարվում։ Սակայն իրականություն այն էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ նոր քաղաքական հոսանքներ են առաջ եկել, իշխանությունները բազմաթիվ սխալներ են թույլ տվել և սխալ է քաղաքական հաշվարկներ անել մեկ տարի առաջ էյֆորիայի պայմաններում արձանագրված արդյունքների վրա հենվելով։

Օրերս GALLUP international association-ը հրապարակեց իր կողմից իրականացված հետազոտության արդյունքները, որը բավական հետաքրքիր պատկեր է բացահայտում։ Հետազոտության ընթացքում քաղաքացիներին հարց է ուղղվել նաև՝ եթե ԱԺ ընտրությունները լինեին վաղը, ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեին: Հարցման արդյունքների համաձայն, ըստ Արամ Նավասարդյանի, «Իմ քայլը» դաշինքի օգտին կքվեարկի 61.3%-ը, ԲՀԿ-ի օգտին՝ 14.2%-ը, «Լուսավոր Հայաստանի»՝ 3.9%, ՀՅԴ-ին ձայն կտա հարցվածների 2.5%-ը, ՀՀԿ-ի օգտին՝ 1.5%, «Սասնա Ծռեր» կուսակցության օգտին՝ 1.1%-ը:

Միջազգային հեղինակավոր կազմակերպության իրականացրած այս հետազոտությունից պարզ է դառնում, որ վերջին մեկ տարում իշխանությունը կորցրել է քաղաքացիների վստահության գրեթե 10 տոկոսը, սա այն դեպքում, երբ ընդդիմադիր ԲՀԿ-ն իր վստահությունը ավելացրել է ավելի քան 6 տոկոսով։ Նույն հետազոտության շրջանակում պարզվել էր, որ Հայաստանի քաղաքացիների 76 տոկոսն է ճանաչում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ ահա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ճանաչում է քաղաքացիների 86 տոկոսը։ Հետաքրքիր է, որ խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս ձայներ է կորցրել՝ ավելի քան 2,5 տոկոս։

Այս հետազոտությունից պարզ է դառնում, որ Գագիկ Ծառուկյանն ու իր ղեկավարած ուժը «թափ են հավաքում» և իշխանության կորցրած ձայները մեծամասամբ հենց Ծառուկյանի ղեկավարած ուժին են գնալու։