Փաշինյանականները կեղծ տեղեկատվություն են տարա...

Մանիպուլյացիայի և կեղծ տեղեկատվության դեմ «ջիհադ» հայտարարած կառավարությունը շարունակում է կեղծել իրականությունը և մոլորեցնել հանրությանը։ Շաբաթներ շարունակ հանրության թիվ մեկ քննարկվող խնդիրը Սևանի մամռակալելն էր, որը ոչնչացման եզրին է կանգնեցրել լճի էկոհամակարգը։ Իշխանությունները երկար ժամանակ լռում էին խնդրի մասին, բայց ի վերջո ստիպված եղան արձագանքել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՄԱԿ-ում անգամ խոսեց լիճը կորցնելու վտանգի մասին, կառավարությունը վստահեցրեց, որ կսկսեն համալիր ծրագիր, որը պետք է վերականգնի Սևանի էկոհամակարգը։

Այս հայտարարություններից մի քանի օր անց անսպասելի տեղեկատվությամբ է հանդես գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը։ Նա հրապարակեց տեսանյութ և գրառում կատարեց․«Սևանա լիճը իդեալական մաքուր է»:  Վարչապետի օգնականի գրառումը շտապեցին տարածել իշխանական լրատվամիջոցները, պատգամավորները, կառավարության անդամներն ու այլ չինովնիկներ։ Տեղեկատվական այս գրոհին շատերը հավատացին, ու Սևանի աղտոտվածության հարցը դուրս եկավ հանրային օրակարգից։ 

Տեղեկատվական այս արշավից օրեր անց Սևանից լուսանկարներ է հրապարակում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և գրում․«Ոչ, սա պոչամբար չէ: Սա «իդեալական մաքուր» Սևանի երեկ` կիրակի օրն արված նկարներն են: Առաջին նկարում թերակղզու «իդեալական մաքուր» պատկերն է, երկրորդում` «իդեալական մաքուր» Հրազդան գետի սկիզբը»:

Իոաննիսյանի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ վարչապետի օգնականը և մի ամբողջ իշխանական քարոզչամեքենա ստել են և մոլորեցրել հանրությանը։ Կառավարությունը խնդրին լուծումներ գտնելու փոխարեն  փորձում է մանիպուլյացիաներով հանել հանրային օրակարգից Սևանի խնդիրը։

Այս ամենը նման է ջայլամի վարքագծի: Իշխանությունները ունակ չեն որևէ խնդրի համար պատասխանատվություն կրել։ Ցանկացած խնդրի դեպքում նրանք առաջին հերթին փորձում են հերքել նրա գոյությունը, իսկ եթե դա չի ստացվում, ապա մեղավորներ են փնտրում։