Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը և նոր իշխանությունները հաճախ են պարծենում այս կամ այն նախկին պաշտոնյայից բռնագանձված գումարների մասով։ Մամուլում հաճախ են լուրեր հայտնվում, որ նախկիններին տարբեր միջոցներով ճնշումների են ենթարկում, որպեսզի այս կամ այն չափի գումար վերցնեն նրանցից։ Նոր իշխանությունների նպատակները, հնարավոր է, բարի են, բայց հստակ է, որ նրանց ընտրած ճանապարհը դուրս է օրենքի սահմաններից։ Հաջորդ իշխանության օրոք Փաշինյանի կառավարության տարբեր անդամներ, այդ թվում՝ վարչապետը, կարող են կանգնել դատարանի առաջ։
Երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձ կատարեց այս խնդրին: «Իրենք ասում են, որ բյուջեից դուրս մի քանի տասնյակ միլիոն դոլար գումար են հավաքել, որով պետք է զանգ առնեն։ Նախ՝ ես դա բացարձակապես չեմ ընդունում։ Ո՞նց կարող է իրավական պետություն կառուցող կառավարությունը անիրավական ձևով շարժվի։ Սա ռեկետ է։ Եթե նույնիսկ փող են վերցնում, ապա դա էսօրվա օրենքով ըստ էության նվիրավտվություն է։ Սաշիկ Սարգսյանը նվիրատվություն է արել բանակին։ Բնականաբար, նա պահանջելու է, որ բանակի մեկենասների լուսանկարների շարքում լինի նաև իրենը։ Եվ ես ձեզ ասեմ՝ այս կառավարությանը հաջորդող կառավարությունը միայն դրանով է զբաղվելու՝ ումից ինչ են վերցրել։ Այդ գործողությունն իր անվանումն ունի՝ դա կոչվում է ռեկետ պետության կողմից»,-հայտարարել է Բագրատյանը։