Փաշինյանի իրականությունը գործում է Հայաստանի...

Երեկվա կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցուպատասխանը, թերեւս շատերի մոտ դեռ թարմ է, եւ Փաշինյանի արտահայտած մտքերի անհեթեթությամբ եւ զգացական-հուզական առումով, այն նեգատիվով, որ առաջանում է այդ հարցուպատասխանից՝ գործող վարչապետի հանդեպ։

Ըստ ամենայնի, այս դրվագը հուշում է, որ Հայաստանում կա այսօր երկու իրար զուգահեռ իրականություն՝ Հայաստանի իրականությունը եւ Փաշինյանի իրականությունը։

Իհարկե, այս երկու իրականությունները երբեմն խաչվում են, սակայն ընդամենը մի պահ, իսկ մնացած դեպքերում ընթանում են զատ-զատ, զուգահեռաբար, քանի որ ծագումով ու էությամբ ոչ միայն տարբեր են, այլ նաեւ անհամատեղելի։ Հայաստանի իրականության մեջ Հայ ժողովուրդն է, Հայաստան երկիրը, մեր պետականությունը, բոլոր նրանք, որոնց համար այս հողատարածքը զուտ միայն հողատարածք չէ, այլ երկիր, հայրենիք։

Փաշինյանի իրականության մեջ հենց Նիկոլ Փաշինյանն է իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ իրենց թիմի որոշ ներկայացուցիչների հետ, որոնք կարող են նույնիսկ այժմյան բարդ վիճակում անել քայլեր, որոնք նույնիսկ ամենից մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ չորակել ադրբեջանամետ։

Ըստ էության Նիկոլ Փաշինյանը եւս հասկանում է, որ կան երկու զուգահեռ իրականություններ։ Առաջին իրականության մեջ նա փորձեց տեղավորվել, երբ թղթից կարդաց բավական գրագետ ու ճիշտ շեշտադրումներով հայտարարությունը։ Սա ընդունվեց Հայաստանի իրականության մեջ եղողների կողմից։ Սակայն իր համար այս իրականությունը մի տեսակ «իր հագով չէր», օտար էր։

Իսկ այդ Դավիթ Տոնոյանի հետ հարցուպատասխանի իրականությունը արդեն «իրենն էր», հարազատ էր իրեն, թեեւ Հայաստանի իրականության մեջ եղողների համար՝ առնվազն տարակուսելի էր եւ պարսավելի։

Նույնը նաեւ Աննա Հակոբյանի երեկվա հայտարարությունն էր, ինչին հետեւեց Մեհրիբան Ալիեւայի հակադարձումը։ Դժվար է ասել, այս երկու իրականությունները, որոնք կարող ենք անվանել ազգային կամ հարազատ իրականություն եւ օտար կամ խորթ իրականություն, որքան կկարողանան իրար զուգահեռ ընթանալ, սակայն այն, որ վերջ թե շուտ ճակատային բախում են ունենալու, հասկանալի է, ինքնին, քանի որ միջազգային փորձն ու նախադեպերը դա են ցույց տվել։