Փաշինյանի հուսահատ ճիգերը. ռուսների հետ ոչինչ...

Ռուսական հեռուստաալիքներից մինչեւ Նավալնուն Հ1-ով ցուցադրելու դրվագը, երբ ուսումնասիրում ենք ավելի խորը, եւ ամենից կարեւորը՝ առանց էմոցիաների, տեսնում ենք, որ իրականում դրանք հուսահատ ճիգեր են Հայաստանի գործող կառավարության ղեկավարի կողմից, Ռուսաստանի հետ ինչ որ հարցերում երկխոսության մեջ մտնելու, ինչ որ հարցերում պայմանավորվելու համար։ Իհարկե, հաշվի առնելով, որ «թավշյա իշխանությունները» իրականում մի քանի բաժնետեր ունեցող իշխանություններ են, չպետք է ուշադրությունից դուրս թողնել այն, որ հակառուսական գիծը այդ բաժնետերերից ոմանց սրտով է եւ այս առումով, հարմար պահը որսալով, նրանք ինչպես ժողովուրդն է ասում՝ մի կողմից կրակի վրա յուղ են լցնում, մյուս կողմից՝ փորձում ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանել։ Սակայն մեծ հաշվով, հակառուսական գծի ջատագովները վերահսկիչ ծրար ունեցող բաժնետեր չեն, եւ երկու տարվա փորձն էլ ցույց տվեց, որ խաղատախտակին ամենեւին էլ չափազանց ապահովագրված դիրքում չեն եւ ըստ անհրաժեշտության առաջ են բերվում եւ հետ տարվում։ Իրականում ինչ ունենք հակառուսական արշավի այս ամբողջ «բորշչում»։ Նիկոլ Փաշինյանն անշուշտ հասկանում է, որ Հայաստանի տիպի երկրներում իշխանությունը չի կարող տեւականորեն գոյություն ունենալ առանց աշխարհաքաղաքական ուժային որեւէ կենտրոնի աջակցության կամ գլոբալ ուժային կենտրոնի պատրոնաժի։ Նա հասկանում է, որ այլ բան է պոպուլիստական դեմագոգիական հայտարարությունները «ժողովուրդ» բառի ընդգծված պատեհ անհպատեհ օգտագործումով, այլ բան է ռեալ քաղաքականությունը, հատկապես արտաքին աշխարհում, որտեղ նրա ճղճղոցներին մեծ հաշվով ոչ ոք ուշադրություն չի դարձնում։

Ուստիեւ նա փորձում է պայմանավորվել Հարավային Կովկասում տիրապետող ավանդական գլոբալ ուժային կենտրոնի՝ Կրեմլի հետ, սակայն այդ պայմանավորվելը ձախողվում է։ Թե ինչու է ձախողվում, պատճառները բազմաթիվ են․ սկսած Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի՝ իմացիր՝ ՀԱՊԿ շուրջ ստեղծված ոչ հաճելի կացությունից, մինչեւ իր թիմում Մոսկվայի համար անվստահելիների առկայություն եւ այլն։ Զուտ մարդկային՝ հոգեբանական առումով, Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչու 2018-19 թթ Մոսկվան ամեն դեպքում պահպանում էր հարգալիր ժպիտները իր համար, իսկ հիմա կտրուկ փոխել է կեցվածքը, այն աստիճան, որ նույնիսկ Մեծ Հաղթանակի զորահանդեսին նրա ներկայությունը մեղմ ասած այնքան հաճելի չէր, որ «դեմքը փրկելու» համար ստիպված եղավ անհասկանալի պատճառաբանությամբ չգնալ Մոսկվա։ Սրան զուգահեռ, Փաշինյանի համար վիրավորական է, որ ռուսական կողմը ընդգծված ուշադրության է արժանացնում իր քաղաքական հակառակորդներին։ Այս ամենը եւ այլ պատճառներ իրար գումարվելով, անշուշտ կարող են բերել նրան, որ նաեւ մարդկային վիրավորվածության, խոցվածության հուզական ազդեցությամբ նա սկսի հակառուսական արշավ, սակայն խնդիրը ոչ այնքան այդ արշավը սկսելն է, որքան դրան դիմակայելը։ Ռուսաստանի հետ համեմատած, գրեթե զրոյական ռեսուրսով, առնվազն անմտություն է դուրս գալ Ռուսաստանի դեմ, երբ գիտես, որ հազարավոր լծակներ կան, այնպիսի կոմբինացիաներ մշակելու համար, որ հայտնվես մի փոսում, որից նույնիսկ հրաժարականիդ կամ Սահակաշվիլու ճակատագրին արժանանալու գնով նույնիսկ չես կարողանա դուրս գալ մեծ հաշվով, որովհետեւ Սահակաշվիլուն գոնե անթաքույց պաշտպանում են Արեւմուտքում եւ Սահակաշվիլին Արեւմուտքի հետ այնպիսի անհասկանալի հարաբերությունների մեջ չէ, ինչպես Փաշինյանը, ի դեմս եվրոպական հեղինակավոր կառույցների ու հատկապես Վենետիկի հանձնաժողովի։ Հաշվի առնելով մյուս կողմից նաեւ ռուսների անդրդվելիությունը, կարելի է ասել, որ ռուսական կողմն ունի իր ձեռքում այնպիսի հզոր խաղաքարտեր, որ վստահ է՝ «հայկական պարտիայում» «պոմեխաներ» չեն լինելու։ Ի վերջո՝ ծխախոտի մաքսանենգության գործ, ոսկու գործ, որը գրվեց «Հետքում» կամ զենքի մաքսանենգ բիզնեսի գործ եւ էլի ինչ իմանաս ինչ գործեր, որոնց մի մասը մամուլում շրջանառվեց, մյուս մասը գուցե եւ դեռ շրջանառվելու է, մե ծ հաշվով հաղթաթղթեր են, որոնցից ամեն մեկը բավարար է, որպեսզի Փաշինյանը հայտնվի այն խուճապային վիճակում, որում իրականում նա այժմ գտնվում է, եւ փորձում է փրփուրներից կախվելով փրկվել՝ Նավալնիին ու ռուսական ալիքները մեջտեղ բերելով։