Փաշինյանի համար հոգեբանական իմաստով շատ կարևո...

Փաշինյանի մոտ հոգեբանական խնդիր կա, քանի որ ինքը հայտարարեց, թե Հայաստանում չկա դատավոր, որ իրեն կարող է ասել՝ չէ, պարզվեց, որ կան այդպիսի դատավորներ, մասնավորապես, այդպիսիք կան նաև Սահմանադրական դատարանում, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։

«Փաշինյանի ամենակարողության միֆն է պայթում ՍԴ պատերին հանդիպելիս, իր համար հոգեբանական իմաստով շատ կարևոր է գրոհել և գրավել Սահմանադրական դատարանը, որպեսզի ցույց տա, որ ուժեղ է և կարող է ցանկացած որոշում պարտադրել», - ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ կա իրավական խնդիր, որն ամրագրված է Սահմանադրության 2-րդ հոդվածում։

«Ակնհայտորեն նկատում եմ մեկ կամ մի խումբ անձանց կողմից իշխանության յուրացման փորձ, սահմանադրական կարգի տապալման փորձ և ճակատագրի հեգնանքն այն է, որ այս իշխանությունն է ներկայացրել մեղադրանք իր ընդդիմախոսներին սահմանադրական կարգի տապալման առումով», - ասաց նա:

Խոսելով խնդրի քաղաքական մասից՝ Թևանյանն ասաց, թե ակնհայտ է, որ խնդիր է դրվում մեկ անձի շուրջ բռնապետական ռեժիմ հաստատելու և իշխանության տարանջատման սկզբունքը իսպառ վերացնելու։

«Օրենսդիրը գրավված է, գործադիր իշխանությունը գրավված է, հիմա խնդիր է դրվում ամբողջությամբ դատական համակարգը ենթարկեցնելու և մահմեդական, ասիական, աֆրիկյան երկրներին հարիր քաղաքական համակարգ ձևավորելու», - նշեց Թևանյանը։

Ինչ վերաբերում խնդրի տնտեսական կողմին, ապա Անդրանիկ Թևանյանի խոսքով, սահմանադրական փոփոխությունը հենց տնտեսական բաղադրիչին է վերաբերում.

«Ինչպես հայտնի է, սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք կարող է դիմել դատարան, երբ սպառված է իր բոլոր հնարավորությունները առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանում, վիճարկելու այն օրինական ակտը, որի համաձայն խախտվել են իր իրավունքները։ Եթե ուշադրություն ենք դարձնում, թե ինչպիսի օրինագծեր են ներկայացնում այս իշխանությունները, կտեսնենք, որ Փաշինյանի իշխանությունը խնդիր է դրել կապիտալի վերաբաշխում իրականացնելու։ Այս իշխանությունը խնդիր է դրել սեփականությունը վերաբաշխել և Սահմանդրական դատարանը կարող է դրան խանգարել»։

Թևանյանն ասաց, թե վերոնշյալ չորս ենթատեքստն է տեսնում այն «ֆարսի» մեջ, որը կոչվում է սահմանադրական հանրաքվե։

«Պետք է մերժել այս մոտեցումը և թույլ չտալ, որ Հայաստանում հաստատվի մեկ մարդու դիկտատուրա», - նկատեց Թևանյանը։