Փաշինյանի «անպատասխան սերը»․ ինչու՞ է նա վախե...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է համոզել Ռուսաստանի Դաշնության ներկա իշխանություններին և անձամբ նախագահ Պուտինին, որ ինքը շատ ավելի հավատարիմ ղեկավար է, քան Հայաստանի նախկին բոլոր ղեկավարները միասին վերցրած։

Դատելով վարչապետ Փաշինյանի քայլերից` կարելի է եզրակացնել, որ իր իշխանության երկարաժամկետությունը կապում է նախագահ Պուտինի քմահաճաույքից և փորձում է ամեն կերպ սիրաշահել նրան։ Օրերս ռուսական «Независимая газета»-ին տրված հարցազրույցի ընթացքում Փաշինյանը անսպասելի հայտարարություն արեց․«Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես»։

Ստացվում է` Փաշինյանի համար այնքան կարևոր է ՌԴ նախագահ Պուտինի բարեհաճությունը, որ նա պատրաստ է դրան հասնել անգամ ԱՄՆ հետ հարաբերությունների հաշվին։  Փաշինյանի այս հայտարարությունը պետք է համարել արտաքին քաղաքական ձախողում։ Հայաստանի նախկին նախագահներից և ոչ ոք չի փորձել ՌԴ իշխանությունների բարեհաճությունը ստանալ` հրապարակային  Հայաստանի ԱՄՆ հետ հարաբերությունները փչացնելով։

Վերջին օրերին Փաշինյանը մեկ այլ դրվագով ևս հայտնվեց քննադատների ուշադրության կենտրոնում։ Նա Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկուն խորհուրդ էր տվել անկեղծ լինել ՌԴ նախագահ Պուտինի հետ, որպեսզի պահպանվեն  դրական հարաբերություններ․«Ես չեմ կարծում, որ Զելենսկուն բարդ է լինելու շփվել Պուտինի հետ. այստեղ կա մի պայման՝ պետք է հնարավորիս ազնիվ լինել։ Պարզապես պետք է անկեղծ և ազնիվ շփվել»։

Այս խորհրդով Փաշինյանը առանձնացնում է Պուտինին և նրան կիսաստվածի կարգավիճակում ներկայացնում։ Չէ որ իրականում Պուտինն ու Զելենսկին անկախ երկրների ղեկավարներ են։ Ինչու՞ է Փաշինյանը Պուտինի հետ շփումը ներկայացնում որպես բարեշնորհություն, որին պետք է արժանանալ անկեղծությամբ։ Իսկ հետաքրքիր է Փաշինյանը կհամարձակվի՞ նույն խորհուրդը տալ Պուտինին։ Իհարկե չի համարձակվի։

Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ Փաշինյանի հուսահատ փորձերը` շահել Պուտինի սիրտը, այդպես էլ արդյունքի չեն հասնում, ու ռուսական կողմը պետական հեռուստաընկերություններով շարունակում է տարբեր անօրինական գործողությունների մեջ մեղադրել Փաշինյանին։  Ըստ էության` սա նման է «անպատասխան սիրո», որն ունի Փաշինյանը և սա հարվածում է մեր պետության հեղինակությանը։