Փաշինյանի անպատասխան սերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն բան անում է, որ վայելի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համակրանքը։ Իշխանափոխությունից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանն ավելի ռուսասեր է, քան նախկին բոլոր իշխանությունները՝ միասին վերցրած։ Փաշինյանը իշխանափոխությունից կարճ ժամանակ անց, առանց ԱԺ համաձայնությունը ստանալու, զորք ուղարկեց Սիրիա՝ ՌԴ հետ համատեղ պայմանավորվածության արդյունքում։

Վարչապետ Փաշինյանը հանուն ՌԴ նախագահ Պուտինի անգամ հրաժարվեց  մասնակցել Լեհաստանում  կայանալիք տնտեսական ֆորումին։ Փաշինյանի այս քայլին միացավ միայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բայց որքան էլ զարմանալի է, Հայաստանի վարչապետ Փաշինյանի սերը շարունակում է անպատասխան մնալ։  Ռուսաստանի վարչապետ Պուտինը, ի հեճուկս Հայաստանի նոր իշխանությունների, շարունակում է պահպանել իր ընկերական հարաբերությունները Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Օգոստոսի 31-ին ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 65-ամյակի կապակցությամբ։ ՌԴ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում էր․«Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»։ 

ՌԴ նախագահի շնորհավորական այս ուղերձը Հայաստանի նոր իշխանությունների փխրուն սպասումների վերջնական կործանման մասին էր խոսում։ Ըստ ամենայնի, ՌԴ նախագահի նկատմամբ ՀՀ վարչապետի սերն այդպես էլ անպատասխան կմնա։