Փաշինյանի 7 սխալը Մյունխենում

Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված թեմայով քննարկում-բանավեճ ունեցան Մյունխենում, որը լայն քննարկումների առիթ է դարձել եւ մեզ մոտ, եւ Բաքվում եւ ռուսական մամուլում։

 Արձանագրվում են սխալները, թերացումները, ձեռքբերումները, որոնք եղել են բանավեճի ընթացքում բանավիճողների կողմից։ Եթե փորձենք ամփոփել, ապա Նիկոլ Փաշինյանի կողմից Իլհամ Ալիեւի հետ Մյունխենյան հայտնի բանավեճի ընթացքում թույլ տրվեցին բավականին շատ սխալներ: Politik.am-ն առանձնացրել է դրանցից 7 ամենաականառուները․

1. Նախ չէր կարելի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկել այդ ձեւաչափում։ Ձեւաչափն ինքը թելադրում է, որ քննարկումը վերածվելու է թոք-շոուի եւ այդ համատեքստում բացառվում է բովանդակային քննարկումը։ Հնարավոր չէ նաեւ նման ձեւաչափում կողմերին իրար մոտեցնել կամ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովել, որովհետեւ եւ Փաշինյանը եւ Ալիեւը աշխատում էին իրենց ներքին լսարանի համար։

2. Փաշինյանը առհասարակ պատրաստ չէր՝ չներկայացվեց կոնֆլիկտի նախապատմությունը, հայ ժողովրդի պատմության որոշ դրվագների տեղյակ չէր, որը թույլ կտար չեզոքացնել Ալիևի կողմից հնչեցվող կեղծիքները (Ստեփանակերտի պատմական անվան չհիշատակումը, Շահումյանի շրջանի մասին բացթողումը), հռետորական արվեստը կաղում էր։

3. Սխալ ընտրություն էր նաև քննարկման լեզվի ընտրությունը։ Եթե Փաշինյանը կարող էր հայերենով ելույթի շնորհիվ չեզոքացնել որոշ բացթողումներ, ապա անգլերեն վատ ելույթը բավական խնդիրներ առաջ բերեցին։ Փաշինյանի անգլերենի իմացությունը թույլ էր, ինչը շահեկան դիրքեր տվեց առավել լավ անգլերենին տիրապետող Ալիևին։

4. Փաշինյանը սխալ բացատրեց Խոջալուի դեպքերը, ՄԱԿ-ի բանաձեւերի հետ կապված չկարողացավ լավ հակադարձել Ալիեւին։

5. Վարչապետը չխոսեց, սակայն վստահաբար պետք է խոսեր Բաքվի, Սումգայիթի, Գյանջայի ջարդերի մասին։

6. Հարկ էր, որ խոսեր, բայց չխոսեց Ադրբեջանում այլատյացության մասին, որը պետական մակարդակով քարոզվում է։ Պետք է խոսվեր Ռամիլ Սաֆարովի մասին։ Փաշինյանը կարող էր խոսել նաև ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի բանակի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին։ Կարող էր տեղում նաև հարց ուղղել Ալիևին, թե ինչու՞ են պետական մակարդակով հերոսացնում մարդասպաններին։ 

7. Ի վերջո, որպես ժողովրդավար երկրի ղեկավար Փաշինյանը կարող էր խոսել Արդբեջանում առկա կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների և լրատվամիջոցների նկատմամբ վարվող քաղաքականության մասին։ Ի վերջո այս հարցերի մասով Արդբեջանը բավական խոցելի է, քանի որ կան միջազգային մի շարք կառույցների հստակ բացասական գնահատականները։