Փաշինյանը ցինիզմի հասնող ինքնավստահություն ու...

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բռնեց «հանրապետականացման» ճանապարհը։ Նախ՝ Փաշինյանի կողմից ապրիլի 10-ին ՊՎԾ պետի տեղակալ նշանակված Արգիշտի Քյարամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը պարտավոր չէ հաշվետու լինել հանրությանը, թե որտեղից իրեն մի քանի տասնյակ միլիոն դրամ, երբ նախկինում միայն պետական պաշտոն է զբաղեցրել, և, ինչպես ինքն է պնդում, բիզնեսով չի զբաղվել։ Չնայած երիտասարդի միլիոնների մասով հանրության մի հատվածի բացասական վերաբերմունքին՝ հենց նա է նշանակվում ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ մամուլի հրապարակումների՝ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ 

Նշանակումից հետո Քյարամյանը իր ունեցվածքի մասով ներկայացնում է «բացատրություն», որը ոչ այլ ինչ է, քան ծաղր սեփական ժողովրդի նկատմամբ․«․․․ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։

Հիշյալ գումարների մի մասն էլ ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ»,-իր հայտարարության մեջ ասել է Քյարամյանը:

Փաստորեն, Քյարամյանը պնդում է, որ ինքը սեփական մեծ միջոցներ չունի և ապրում է Եվրոպա գնացած քեռու և «խոպանում» աշխատող բարեկամների հաշվին։ Եվ սա այն դեպքում, երբ նրա կին, ըստ պաշտոնական հայտարարգրի, 2017 թվականին 10 հազար դոլարով ոսկյա զարդ է գնել։ 

Հիմա խնդրում ենք հիշել, թե քեռու հաշվին ապրող քանի մարդ գիտեք ձեր շրջապատում, որ 10 հազար դոլար արժեցող զարդեր է գնում։ Ի՞նչ է սա, եթե ոչ ծաղր։ Փաշինյանը սրանով ծաղրում է նաև նախկին իշխանություններին, որոնք այնքան անճար էին, որ չկարողացան իրենց միլիոնները հիմանավորել բարի քեռիների առկայությամբ։ Չէ՞ որ Սաշիկ Սարգսյանը կարող էր հայտարարել, որ իր բանկային հաշվում առկա 30 մլն դոլարը իր քեռունն է, և նոր իշխանությունները այն չէին խլի իրենից։

Այս ամենը խոսում է մեկ բանի մասին՝ Փաշինյանը ցինիզմի հասնող ինքնավստահություն ունի։ Նա հասկանում է, որ իրենց 70-80 տոկոս ձայն տված հասարակությունը կուլ կտա ամեն նվաստացում, և իրեն չի զրկում նման հաճույքներից։