Փաշինյանի հանրահավաքային հանձնարարականը դեսպանատներին. ԱԳՆ դեղին պազիկները

ՀՀԿ-ական իշխանության տարիներին շատ ենք ականատես եղել, թե ինչպես են ամենատարբեր պաշտոնյաները և կուսակցական ֆունկցիոներները երկրի տարբեր ծայրերից մարդկանց հավաքագրում և բերում իշխանությունների կազմակերպած հանրահավաքներին: ՀՀԿ-ական իշխանության այս քայլերը ամենախիստ քննադատության էին արժանանում ընդդիմության կողմից: Եվ իրապես արդար էր այդ քննադատությունը, քանի որ  իշխանությունները իրենց ձեռքի տակ եղած վարչական լծակները օգտագործելով փորձում էին ցույց տալ, որ իրենք ունեն լայն հանրային աջակցություն:

Օգոտսոսի 17-ին հանրահավաք է հրավիրել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի տարբերություն ՀՀԿ-ական իշխանության Փաշինյանը բավական մեծ հանրային աջակցություն ունի և թվում էր, որ նոր իշխանությունները չպետք է մտածեն հրապարակ լցնելու մասին, սակայն  պարզվեց, որ նոր իշխանությունները ևս առաջնորդվում են հնի տրամաբանությամբ:

Այս օրերին սոցիալական ցանցերում շատերը գրեցին, որ գործադիր իշխանությունը իր ձեռքում կենտրոնացրած «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության ներկայացուցիչները հատկապես մարզերում ակտիվ աշխատում են և փորձում են անել ամեն բան, որպեսզի հանրահավաքին հնարավորինս շատ մարդ ներկա լինի: ՔՊ-ականների համար կարևոր էլ չէ եկողները կիսում են իրենց մոտեցումները, թե ոչ՝ կարևորը ներկա լինեն:  Ավելին նոր իշխանության ներկայացուցիչները ֆինանսական ահռելի ներդրում են արել, որպեսզի օգոստոսի 17-ին մարզերին մարդկանց իրենց հաշվին բերեն Երևան: Հեռավոր մարզերի բնակիչներին անգամ պատրաստվում են ապահովել սննունդով:

Պարզվում է ՔՊ-ական գործադիր իշխանության ներկայացուցիչները հանրահավաքներ կազմակերպելու և դրանց մարդկանց մասնակից դարձնելու հարցում գերազանցում են ՀՀԿ-ական իշխանություններին: Politik.am-ի ԱԳՆ աղբյուրները մեզ են փոխանցել մի հաղորդագրության տեքստ, որը նախարարությունը ուղարկել է արտերկրում ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.«Ինչպես տեղյակ եք, ս.թ. օգոստոսի 17-ին, Երևանի ժամանակով ժամը՝ 18:30-ին,  Հանրապետության Հրապարակում կայանալու է հանրահավաք՝ ամփոփելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարութայն 100 օրը:

Հայ համայնքի ներկայացուցիչների կողմից ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքում ուղիղ հեռարձակմամբ հանրահավաքի դիտումը կամ ՀՀ իշխանություններին աջակցող հանրահավաքներ կազմակերպելու առաջարկի ներկայացման և տեխնիկապես դրանք կազմակերպելու հնարավորության դեպքում խնդրում ենք, ընդառաջելդրանց իրականացմանը, եթե վերջիններիս կազմակերպումը չի հակասում նստավայր երկրի օրենքներին»:

Փաստորեն վարչապետ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները ոչ միայն Հայաստանում են օգտագործում վարչական լծակները, որպեսզի օգոստոսի 17-ի հանրահավաքը մարդաշատ լինի, նրանք դա անում են նաև Հայաստանի սահմաններից դուրս: ՈՒ ստացվում է, որ մինչ օգոստոսի 17-ը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները իրենց հիմնական գործը պետք է մի կողմ դնեն և վարչապետ Փաշինյանին աջակցող հանրահավաքներ կազմակերպեն իրենց ընդունող երկրներում:

Այս թեմայով