Փաշինյանի հերթական բլեֆը բացահայտվեց

Օգոստոսի չորսին վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց, թե կարդացել է մի գաղտնի փաստաթուղթ, ըստ որի մեր պետությունը ձախողված պետություն է․«Դա գաղտնի զեկույց է, գաղտնի փաստաթուղթ, այնքան գաղտնի, որ ճիշտ չեմ համարում անունը նույնիսկ բարձրաձայնել: Այդ փաստաթղթին ես մի քանի ամիս առաջ ծանոթացել էի, բայց որոշել էի հրատապ հետեւություններ չանել, վերցնել ինձ հետ նաեւ արձակուրդի ընթացքում կարդալու: Կարդացի, ինչով է կարեւոր այդ փաստաթուղթը, որ հիմա էլ իմ սեղանին դրած է, կարեւոր է նրանով, որ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը, որովհետեւ այն պրոբլեմները, ինչն այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել: Բայց շատ կարեւոր էր արձանագրել, եւ այս փաստաթուղթը նաեւ այդ առումով է կարեւոր, թե մենք ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն: Երբ որ այս փատաթուղթը մենք կարդում ենք, եզրակացությունը հետեւյալն է՝ հեղափոխության ժամանակաշրջանում եւ ինչ-որ առումով նաեւ դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա, ըստ էության, փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է: Շատ կարեւոր է այս փաստաթուղթը, գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին: Ես կարծում եմ, այս փաստաթղթի հեղինակները իսկապես շատ մեծ համարձակություն են ցուցաբերել»: 

Շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու՞ Փաշինյանը որոշեց խոսել «գաղտնի փաստաթղթի» մասին և ինչու՞ չհրապարակեց փաստաթուղթը։ Ոմանք կասեն, թե դա գաղտնի է դրա համար էլ չի հրապարակվել, բայց այս փաստարկը ծիծաղելի է, քանի որ ըստ էության վարչապետը փաստաթղթի բովանդակությունը հրապարակել է և մնում էր միայն հրապարակել փաստաթուղթը, որպեսզի իր ընդդիմախոսներն էլ հավատան իր խոսքին։

Իրականությունը, սակայն  շատ ավելի պարզ է։ Չկա որևէ գաղտնի փաստաթուղթ, որտեղ  գրված է, որ Հայաստանը ձախողված պետություն է։ Փաշինյանի հայտարարությունը պարզագույն բլեֆ է, որի նպատակն արդեն իսկ հասկանալի է։ Նոր իշխանություններն իրենց համար գերխնդիր են դարձրել դատական իշխանությունը իրենցով անելը։ Դատական իշխանությունը՝ իշխանության այն եզակի ճուղն է, որի դեմ արված քայլերը դատապարտվելու են Արևմտյան կառույցների կողմից։ Իսկ Արևմուտքի բացասական կարծիքը կարող է մեծ հարված լինել Հայաստանի իշխանություններին։ Դատական իշխանության մասով իշխանության պլանները կարող են կյանքի կոչվել միայն միջազգային կառույցների թույլտվությամբ։ Նման թույլտվություն եղել է միջազգային պրակտիկայում։ Օրինակը՝ Ալբանիան է։ Այս երկրում դատական իշխանության նկատմամբ վիրահատական քայլեր իրականացվեցին, քանի որ Ալբանիան ձախողված երկրների շարքում էր ու միջազգային կառույցների համար ընդունելի էր դատական իշխանության նկատմամբ ձեռնարկված խիստ քայլերը։

Հիմա Հայաստանի նոր իշխանությունները մշակել են դատական իշխանությունը իրենցով անելու օերնսդրական նախագիծ, որը պետք է նարկայացնեն միջազգային կառույցների հավանությանը։ Օրենսդրական նախագծի հիմնավորման մեջ դրվելու է օգոստոսի չորսին Փաշինայնի ելույթը և փորձելու են հիմնավորել, որ Հայաստանը ձախողված պետություն է ու կարելի է դատական իշխանության հետ անել այն ինչ ժամանակին արեցին  Ալբանիայում։ Իհարկե իշխանությունները փաստեր չեն ներկայացնի՝ հղում անելով Փաշինյանի կարդացած փաստաթղթի «շատ գաղտնի» լինելուն։ 

Հ․Գ․ Իրականում ցավալի է, որ պետության ղեկավարը՝ հանուն իր քաղաքական պլանների, պատրաստ է հեղինակազրկել պետությունը։ Բացառել չի կարելի, որ մի օր Փաշինյանը կարող է հայտարարել, որ Հայաստանը մարդակերների երկիր է, միայն թե իր քաղաքական պլանները կարողանան կյանքի կոչվել։