Պարզվել են անչափահաս աղջիկների նկատմամբ անառա...

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո, ինչպես նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Հաղորդագրության համաձայն՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Արմավիրի մարզի 63-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) և 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունները): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՔԿ-ն հայտնում է, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակչուհին և նրա անչափահաս դուստրը, Արմավիրի մարզի՝ 1956 թվականին ծնված բնակչի թույլտվությամբ, անվարձահատույց բնակվել են նրա տանը, իսկ վերջինս տեղափոխվել է այլ բնակության վայր: Ձևավորված մտերմությունից ելնելով՝ անչափահաս աղջիկը, մոր գիտությամբ, վերջինիս բացակայության ժամանակ հաճախակի մնացել է 63-ամյա տղամարդու բնակության վայրում, որտեղ 2017 թվականի դեկտեմբերի վերջից մինչև 2018 թվականի մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով 12 տարին չլրացած աղջկա անօգնական վիճակից՝ 63-ամյա տղամարդը պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ՝ սպառնալով տնից վռնդել՝ նշված գործողությունների մասին որևէ մեկին հայտնելու դեպքում:

Բացի այդ, 2018 թվականի մարտի 8-9-ը անչափահաս աղջիկը իր՝ 2008 թվականին ծնված ընկերուհու հետ, ջուր վերցնելու նպատակով, գնացել է 63-ամյա տղամարդու բնակության վայր, որտեղ վերջինս անառակաբարո գործողություններ է կատարել 2008 թվականին ծնված անչափահասի նկատմամբ: