Պարոն Օսիպյան, «ընտանիքիդ հետևի, քիչ մնաց»․ վ...

Այսօր «Փաստինֆո» գործակալության հրապարակումից տեղեկացա, որ ոստիկանությունը ուսումնասիրությունների արդյունքում սպառնալիքի հատկանիշներ չի հայտնաբերել իմ  հասցեին համացանցում կատարված գրառումներում։ Այս մասին լրատվականի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից։

Ինձ համար սպասելի էր ոստիկանության նման որոշումը, քանի որ դժվար է պատկերացնել, որ ոստիկանությունը ասենք նույն համակարգի աշխատակից Բաբկենին մեղադրի իմ դեմ սպառնալիքներով լի ֆեյսբուքյան արշավ կազմակերպելու մեջ։ Հենց այս կանխավարկածից ելնելով էլ`  հանցագործության մասին հաղորդում չեմ տվել։ Ինձ համար իրավապահ համակարգը և մասնավորապես ոստիկանությունը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանությունների ժամանակ գործող ոստիկանությունից կամ իրավապահ համակարգից։ Իրենց դեպքում, իհարկե, իրավապահ բառը պետք է չակերտների մեջ կարդալ։

Բայց եթե ոստիկանությունը ինձ ուղղված գրառումների մեջ սպառնալիք չի տեսնում, ապա կարծում եմ` ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չի նեղանա, եթե ես էլ նույն գրառումները իրեն վերադարձնեմ, իհարկե առանց հայհոյանքների, քանի որ դաստիարակությունս թույլ չի տալիս նման կերպ արտահայտվել, ինչպես նաև հարգում եմ ոստիկանապետի և ցանկացած մարդու պատիվն ու արժանապատվությունը։ Եվ այս ամենից հետո, որպես հակադարձում` պարոն Օսիպյանին կասեմ՝ «կնոջդ և ընտանիքիդ հետևի,  քիչ մնաց»։ Ինձ ուղղված նույնաբովանդակ մեկնաբանությունը ոստիկանությունը սպառնալիք չի համարել, այնպես որ սա ևս թող չնկատելու տան։

Հ․Գ․ Վերջում պարոն Օսիպյանի կնոջ և իր ընտանիքի անդամների ներողամտությունն եմ հայցում։ Ես իրենց դեմ որևէ բան չունեմ, վերաբերվում եմ հարգանքով։ Ես միայն վերադարձնում եմ այն, ինչ ինձ են ասել, և այն, ինչ պարոն Օսիպյանի ղեկավարած կառույցը հանցագործություն չի համարել։ Եվ նպատակը միայն այն է, որ պարոն Օսիպյանը գիտակցի իր կառույցի անարդար որոշումը։ Քանի որ այս նախադեպից ելնելով` ցանկացածը կարող է նման բան գրել և անպատիժ մնալ օրինականության դաշտում։ Սա լավ տեղ տանող ճանապարհ չէ։

Politik.am կայքի խբագիր Բորիս Մուրազի