Պարետատունն այսօր նոր որոշման ցանկ է հրապարակ...

Պարետը արտակարգ դրության պայմաններում հրապարակել է նոր որոշում` տնտեսական գործունեության սահմանափակման վերաբերյալ` թույլատրով տնտեսական գործունեության որոշ տեսակների աշխատանքը և նոր արգելք սահմանելով մի քանի այլ տեսակների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  նոր որոշման մանրամասները ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Այսօր հրապարկված նոր որոշման ցանկում կարելի է տեսնել այն գործունեության տեսակները, որոնք կարելի է իրականացնել ՀՀ տարածքում, նաև՝ արգելված գործունեության տեսակները: Հանվել են տնտեսական գործունեության տեսակներ, որոնք այս պահին ոչ անքան անհրաժեշտ են, միևնույն  ժամանակ՝ ավելացել են  այն տնտեսական գործունեության տեսակները, որոնք հանդիսանում են օժանդակող, այսինքն՝ ապահովում են, օրինակ, պարենային ապրանքների անխափան աշխատանքը»,-ասաց Սիմոնյանը:

Նոր որոշմամբ, օրինակ, թույլատրվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը, ավտոմեքենաների մասերի, պարագաների մանրածախ առևտուրը, մոտոցիկլետների  մասերի և պարագաների մանրածախ առևտուր: Պարետի նախորդ որոշմամբ այս տնտեսական գործունեության տեսակները արգելված էին: Միևնույն ժամանակ, թույլատրվել է կենդանիների կերերի և բույսերի, ծաղիկների առևտուրը: «Նախորդ որոշմամբ արգելված էր ծաղկի  խանութների գործունեությունը: Հիմա մասնագիտացված խանութներում բույսերի, ծաղիկների, կենդանիների և կերերի վաճառքը թույլատրվում է»,-ասաց փոխնախարարը:

Միևնույն ժամանակ լրացումեր են իրականացվել մի քանի գործունեության տեսակներում: Թույլատրվել է ծանույցների, չեկերի և այլ աժեթղթերի տպագրությունը: Նա նկատեց` դրանք կարևոր են, օրինակ դեղերի ծանույցներում մարդիկ  ծանոթանում են տվյալ դեղի հետևանքների կամ դրանց ներգործողության մասին տեղեկատվությանը: Փոխնախարարի խոսքով` բացվել է նաև լաբորատորիաների գործունեությունը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: