Պանդեմիան հաղթահարվում է շնորհիվ...

Ասում են, թե՝ սովածին կերակրելով չես կշտացնի։ Նրա վիճակը փոխվում է, երբ սովից մեռնելուց չի վախենում։ Սովածը ապաքինվում է, երբ հավատում է, որ կարող է քաղցել, բայց սնվել ու կշտանալ։ Սոցիալական աղետը (սովը, համաճարակը և այլն) շարունակվում է այնքան, քանի դեռ մեկ մարդ վախենում է։ Այսինքն՝ պանդեմիայի դեմ պայքարում վճռական մարտն այդ վախի դեմ է։

Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ վիրուսի դեմ պայքարը ստուգատես է պետության ամրության, իշխանությունների կազմակերպչական ունակությունների և հասարակության հասունության համար: Այս առումով՝ հարկ է նկատել, որ վարչապետական այսօրվա լայվը լի էր լավատեսությամբ, բայց ուներ անորոշության տարածք։

Միգուցե կոռեկտ չի համեմատելը, բայց օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պանդեմիան բնութագրեց որպես պատերազմ, թվարկեց ռազմավարական քայլերը, որոնք բխում են քաղաքական թիմի հավատամքից։ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ «Աշխարհը պատերազմում է անտեսանելի թշնամու հետ: Մենք կհաղթենք» գրառումը ևս պարզ արտահայտում է ԱՄՆ-ի քաղաքական-քաղաքակրթական մոտեցումը։ Փաշինյանի լայվում հավատամք, «իզմ» չկա, անորոշ է վաղը։

Տարբեր գաղափարական-քաղաքակրթական ուժեր տարբեր կերպ են պատերազմում։ Եթե պանդեմիայի դեմ պայքարը պատերազմ է, ապա այն պիտի ունենա համապատասխան ռազմավարություն։ Կարելի է ենթադրել, որ եթե մեր իշխանությունները հավատամք, «իզմ» չունեն և պատերազմ չեն մղում, հետևաբար՝ կարուստներ չենք ունենա։ Տա Աստված։ Իրականում ակնհայտ է, որ չեն կիրառվում ո՛չ լիբերալի, ո՛չ սոցիալիստի, ո՛չ պահպանողականի փորձված գործիքները։ Թերևս, սա է պատճառը, որ մեր իշխանություններն, ի տարբերություն վերը մեջբերվածների, համակարգված խոսք չեն ասում սոցիալական վախերը հաղթահարելու վերաբերյալ։ Այս անորոշությունը մարդուն չի մղում ինքնակազմակերպման, սոցիալական պատասխանատվություն։

Պարզ ասած՝ պանդեմիայի, ինչպես ամեն սոցիալական աղետի դեմ պայքարում անհրաժեշտ է նախ ձևավորել քաղաքակրթական-արժեքահամակարգային պարզ մոտեցում։ Այնուհետև՝ պետք է մեղմել սոցիալական վախերը, փոքրացնելով նրանց ուղղությամբ ընդհանուր սևեռումը։ Օրինակ՝ կարելի է նշել, որ ներկայում բացի հիշյալ վիրուսից, այլ ի՞նչ վիրուսներ են տարածվել, ի՞նչ հիվանդություններ են սրվել այս եղանակին, և ինչպե՞ս պայքարել դրանց դեմ..., ուրիշ ի՞նչ կա աշխարհում։

Ակնհայտ է, որ արտակարգ դրությունը միայն տեղաշարժվելու սահմանափակումների համար չի։ Նաև անվիճելի է, որ ժամանակ անց պանդեմիան նահանջելու է, ինչպես բոլոր վիրուսներն ու համաճարակները։ Ապագայի համար կարևոր է, որ նշվի՝ «աղետը հաղթահարվեց շնորհիվ...»: Այս հարցում լուրջ անելիք ունեն ոչ միայն վարչապետն ու բուժաշխատողներն, այլև քաղաքական համայնքը, մամուլը, բոլորը։

Թաթուլ Մկրտչյան