Փակել են Երեւան-Ապարան ճանապարհը՝ պահանջելով չեղարկել հոսանքի թանկացման որոշումը

defaultԱրագածոտնի մարզի գյուղերի մի քանի տասնյակ բնակիչներ հունիսի 28-ին փակել են Երեւան-Ապարան ճանապարհը՝ պահանջելով չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը։

NEWS.am-ի թղթակցին բնակիչները հայտնեցին, որ փակել են Շենավան-Հացավան խաչմերուկը եւ թույլ չեն տալիս մեքենաներին անցնել։ «Սա նախազգուշական ակցիա է, եթե մեր պահանջները չկատարվեն, մենք այնպես կփակենք ճանապարհը, որ կաթվածահար կլինի ամբողջ մայրուղին»,-ասացին բնակիչները։
Այս պահին ոստիկանությունը բանակցում է ցուցարարների հետ՝ փորձելով համոզել եւ բացել ճանապարհը։

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում արդեն 7  օրն է, շարունակվում է բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով Բաղրամյան փողոցում սկսված նստացույցի 6–րդ օրը` հունիսի 27–ին, նախագահ Սերժ Սարգսյանն խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ մինչեւ ՀԷՑ–ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող` միջազգային աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` վճարելով 6,93 դրամը։

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով