Պահանջել վարչապետի հրաժարականը և տապալել պայք...

Արդեն մեկ շաբաթ է ինչ ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունը և մի շարք ԲՈՒՀ-երի ուսանողներ բողոքի ակցիա և նստացույց են իրականացնում ԿԳՄՍ նախարարության մոտ և պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Բողոքի ակցիան ծագեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ նախարարությունը ֆինանսական աջակցություն է տրամադրել սեռափոխված մարզիկ Մել Դալուզյանի մասին ֆիլմ նկարելու համար, ինչպես նաև հայտնի դարձավ, որ կա նախագիծ որով առաջրկվում է ոչ մասնագիտական ԲՈՒՀ-երի համար հանել Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների պարադիր լինելը։ Տեղեկատվական դաշտում ընդդիմադիրների համար առաջնային հարց է դարձել Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումը։ 

Այս հարցը կարևոր էր ցուցարարների համար այնքանով, որ երբ վարչապետ Փաշինյանը գնաց նրանց հետ հանդիպման՝ քննարկման հիմնական թեման այս ֆիլմն էր, որին վարչապետը հանդիպման ժամանակ խուսափողական պատասխան տվեց։

Երեկ սակայն վարչապետ Փաշինյանն Ազգային Ժողովում իր ունեցած ելույթով խառնեց բոլոր խաղաքարտերը․ «Այս մարդը վաստակ ունի մեր պատմության մեջ, այսինքն՝ մենք այնպիսի՞ն ենք, որ եթե մարդը իր վաստակով ամբողջովին համապատասխանում է մեր պատկերացումներին, պոպուլյար ծիծակ կոշիկներից է հագնում, մենք իր հետ պրոբլեմ չունենք, բայց երբ որ ինքը տառապանք ունի և իր միջավայրում բաց վերքի մեջ անընդհատ աղ են լցնում և ստիպում են իրեն, որ գնա և մենք խաչ ենք քաշում իր վրա։ Երբ որ ինքը չեմպիոն է, մեք իր հետ կնկարվենք, բայց, երբ որ ինքը պրոբլեմ ունի, մենք իր հետ չենք։ Հայաստանի մասին իմ պատկերացումը այսպիսին չէ, որ մենք մարդու փառքի ժամանակ իր կողքին ենք, բայց երբ պրոբլեմ ունի, խաչ ենք քաշում իր վրա․․․․Մել Դալուզյանը իմ անձնական պաշտպանության ներքո է»,-հայտարարեց վարչապետը։

Բողոքի դուրս եկած ուսանողների և նրանց աջակցող քաղաքական ուժերի օրակարգը նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցն էր։ Նրանք թիրախավորել էին նախարարին, քանի որ վարչապետը դեռևս ունի բարձր հանրային աջակցություն ու քաղաքական ինքնասպանություն կլինի հիմա պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Փաշինյանն իր երեկվա ելույթով հստակ ընդգծեց, որ ինքը պատասխանատվություն է վերցնում ֆիլմի ֆինանսավորման համար և եթե կա պահանջ, ապա պետք է դա հենց իրեն ներկայացնել։

Այս հայտարարությունից հետո բողոքող երիտասարդներին մնում է երկու բան՝ կամ պահանջել վարչապետի հրաժարականը և ըստ էության տապալել իրենց պայքարը, քանի որ դեռ չեն կարող ստանալ հանրային լայն աջակցություն, կամ հենց այս պահին ընդունել, որ սխալ հարցի շուրջ են փորձում քաղաքական օրակարգ ձևավորել, թողնեն այս պարապ գործը և մեր պետության համար իրական մարտահրավեր հանդիսացող հարցերի շուրջ փորձեն օրակարգ ձևավորել, որի դեպքում կկարողանան հանրային աջակցություն վայելել։