Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվ...

Երկու-երեք անգամ հրավիրվել եմ հարցաքննության, այսօր իմ տանն են քննչական գործողություններ կատարել։ Իմ խնդրանքը, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը, որ ամբողջը տեսաձայնագրվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով իր տանը տեղի ունեցած խուզարկությանը.«Ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու։ Իրոք մեծ ցավ եմ ապրում դրա համար, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան, թե ով ասեց, ինչ ասեց, ինչու ասեց, ոնց վարվեց՝ չի լինելու։ Իմ միջնորդությունը այն է, որ այդ ամբողջ հարցաքննությունը տեսաձայնագրվի, իմ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մերժելը մեր միջնորդությունները՝ թե հարցաքննությունը, թե այսօր տան խուզարկությունը, որպեսզի չձայնագրվի, որպեսզի հետո տարընթերցումներ չլինեն, տարբեր մեկնաբանություններ չլինեն»,- ասաց Թովմասյանը։ 

«Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձնից՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ։ Այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, արդեն շատ ակնհայտ։ Մեր և միջազգային հանրությունն այդ ամբողջին տեղյակ է։ Ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրը երկրորդական-երրորդական է։ Ինձ համար շատ ավելի կարևոր է երկրի հեղինակությունը, երկրի վաղվա օրը։ Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ մսխել», - ասաց ՍԴ նախագահը։