Oրենքի կոպիտ խախտումներով կատարվել են դպրոցնե...

«Մարդու իրավունքների հակակոնֆլիկտային կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստացել է նույնաբովանդակ բողոքներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության մի շարք դպրոցներում վերջին մեկ տարվա ընթացքում օրենքի կոպիտ խախտումներով կատարվել են դպրոցների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերի փոփոխություններ:

Մասնավորապես, դպրոցների Խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարվել են այդ դպրոցներում տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթներ հայտարարվելուց հետո մինչև մրցույթների ավարտն ընկած ժամանակահատվածում այն դեպքում, երբ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Խորհրդի անդամի լիազորությունները սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հիմքերով չեն կարող դադարեցվել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի օրվանից մինչև տվյալ մրցույթի ավարտը:

Այս գործընթացը համատարած բնույթ է կրում, այլ է, քան մեկ կամ երկու դեպքերով վրիպումը, ուստի չի կարող միայն որպես օրենքի սխալ ընկալման արգասիք դիտվել:

Ակնհայտ է առնչությունը մինչև տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթների ավարտի և Խորհուրդների կազմերում հապճեպ փոփոխությունների կատարման միջև: Իրավիճակը թույլ է տալիս ենթադրել «վերևի ազդեցության» ստեղծած քաոսի մասին:
Մի°թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված «Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է» և «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով» դրույթներն անկատար են հովանավորչության ազդեցության տպավորությամբ:
Այո, քանի որ Խորհուրդների կազմերում կատարված փոփոխությունները չափազանցված են անօրինականության համատեքստում և վտանգում են հանրակրթության բնագավառի զարգացումը` որպես անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման կարևոր երաշիք։

«Մարդու իրավունքների հակակոնֆլիկտային կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն