Նոր մանրամասներ Վանեցյանի «քավորությամբ» գաղտ...

Երեկ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Արցախում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի «քավորությամբ» տեղի է ունեցել Արցախի նախագահի հավակնորդներ Սամվել Բաբայանի ու Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանի հետ կապված որոշակի ծրագիր ունի. մասնավորապես` հարկ եղած պահին ֆորս մաժոր ստեղծելու նպատակով: Կարելի է ասել՝ հանդիպման նախաձեռնությունը հենց նրանն է:

Politik.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Սամվել Բաբայանի և Արայիկ Հարությունյանի գրասենյակներից, սակայն նրանց հետ կապ հաստատել չստացվեց։

ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց․«ԱԱԾ տնօրենի բոլոր այն հանդիպումները, որոնք ենթակա են հանրայնացման, ԱԱԾ մամուլի կենտրոնը պատշաճ կերպով լուսաբանում է։ ԱԱԾ տնօրենի հանդիպումների մասին մամուլում շրջանառվող լուրերը հարկ չենք համարում մեկնաբանել»։

ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանի խոսքից կարելի է ենթադրել, որ հանդիպումն իրականում եղել է, սակայն ԱԱԾ-ում չեն ցանկանում տեղեկություններ հրապարակել դրա մասին։

Մեր տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկա ընտրությունների հարցը։ ԱԱԾ-ի համար խնդրահարույց են Սամվել Բաբայանի ծայրահեղական հայտարարությունները, որոնք կարող են անկայունացնել իրավիճակը։