ԵԽԽՎ-ում 50 հազար աշխատատեղի ստեղծման և ստվերից դուրս գալու մասին պատմած վարչապետ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան լայվով կարիք զգաց պարզաբանելու ասածը: Թեև վարչապետը խոսել է հեղափոխությունից հետո ստեղծված 50 հազար աշխատատեղի մասին, բայց այն մանրամասնել սկսել է 2019-ի հունվարը համեմատելով 2018-ի հունվարի հետ: Փաշինյանն ասել է, որ այդ թիվը կարող է ֆանտաստիկա թվալ, բայց այդ ֆանտաստիկան Հայաստանում իրականություն է:
Իսկ իրականությունն այն է, որ դրանք հիմնականում ստվերից դուրս եկած աշխատողներն են, որոնք նոր իշխանությունները փորձում են ներկայացնել որպես իրենց կառավարման ընթացքում ստեղծված աշխատատեղեր։
Փաշինյանը տնտեսությունից հեռու մարդ է, ու իր համար հեշտ է պատկերացնել, որ երկրում կարող է աննկատ 50 հազար աշխատատեղ ստեղծվել։ Նրան տվել են ինչ-որ վիճակագրություն ու ասել են, որ աշխատատեղեր են ստեղծվել, ինքն էլ հավատում է։ Եթե իրականում մեկ տարվա ընթացքում Հայաստանում ստեղծվեր 50 հազար նոր աշխատատեղ, ապա պետք է տասնյակ նոր գործարաններ և ձեռնարկություններ հիմնվեին։ Սա չէր կարող աննկատ մնալ հանրության համար։
Փաշինյանն իրականում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի տնտեսական հաջողություններն է իրենով անում։ Ահա այս դեպքում է, որ նոր կառավարությունը դեռևս շարժվում է նախկին կառավարության իներցիայով։ Իսկ, ինչպես հայտնի է, ֆիզիկա իմացող ցանկացած մարդու իներցիան չի կարող հավերժ լինել, գոնե երկրի վրա։ Մի օր Կարապետյանի կառավարության իներցիան կանգնելու է, և Փաշինյանը միայնակ է մնալու իր կառավարության անհաջողությունների հետ։