Նոր իշխանության թևերը, որոնց սպառնաց վարչապետ...

Մամուլում հաճախ են շրջանառվում լուրեր իշխանության ներսում առկա տարբեր թևերի մասին: Այս խոսակցությունները այնքան ազդեցիկ էին դարձել, որ մայիսի 8-ին Ազգային պատկերասրահում հրավիրված ասուլիսի ժամանակ դրան արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով.«Հայաստանի Հանրապետության իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ»:

Որքան էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մաչոյի» կերպարի մեջ մտնի և խոսի թևեր կտրելու մասին, ակնառու է, որ իշխանության ներսում կան թևեր, որոնք ինչ-որ իմաստով վարչապետից անկախ են գործում, և վստահաբար կարելի է ասել, որ ինչ-որ հանգրվանի նրա հետ հակասության կամ մրցակցության մեջ են մտնելու: 

Փորձենք հասկանալ, որոնք են այդ թևերը, և դրանցից որը ինչպիսի ազդեցություն ունի: Սա կարևոր է իմանալ, որպեսզի հանրությունը ևս հասկանա, թե որ որոշման հետևում ովքեր են կանգնած: Կարևոր է, որ ներքաղաքական խաղացողները ևս տեսնեն այդ թևերին, որպեսզի քաղաքական պլանները հենց այդ իրողությունից ելնելով կազմեն:

Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ այս պահին առկա ամենաուժեղ թևը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի թևն է: Այս թիմի անդամ է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ԱԺ մի քանի այլ պատգամավորներ: Կան, իհարկե, ՔՊ-ի ներսից և իշխանության տարբեր օղակնեում գտնվող այլ անձինք, բայց կարևոր ֆիգուրները նշված անձինք են: Վանեցյանի թևը ազդեցիկ է նրանով, որ նրանց ձեռքում է ուժային ամենակարևոր կառույցը, և նրանք կարողանում են այս կառույցը նաև իրենց քաղաքական նպատակների համար օգտագործել՝ մարդկանց հավաքագրել, կամ իրենց հակառակորդների մասին տեղեկատավական արտահոսքեր կազմակերպել:

Իշխանական հաջորդ թևը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թևն է: Այս թևը ևս բավական ազդեցիկ է, քանի որ Ավինյանը խարիզմատիկ ղեկավար է, և չնայած իր երիտասարդ տարիքին՝ կարողանում է թելադրել իր պայամնները իշխանության ներսում: Ավինյանի թիմի վառ դեմքերից են նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գևորգյանը, նաև՝ ԱԺ մի քանի պատգամավորներ, որոնք Ավինյանի քվոտայով են մանդատ ստացել: Ավինյանը ազդեցություն ունի նաև մի քանի ուժային կառույցներում: 

Իշխանական ճամբարում իր թևն է փորձում ստեղծել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նրա զբաղեցրած պաշտոնն իհարկե իրեն լայն հնարավորություններ չի տալիս, որ կարողանա ֆինանսական միջոցներ և քաղաքական կապեր կուտակել, բայց ամեն դեպքում կա ձգտում իշխանության ներսում առանձին քաղաքական բևեռ դառնալու: Այս պրոցեսը լիարժեք իրականացնելուն Միրզոյանին խանգարում են ԱԺ-ում առկա վարչապետի անձնական ներկայացուցիչները՝ Լիլիթ Մակունցը, Սիփան Փաշինյանը, Հակոբ Սիմիդյանը և աներորդի Հրաչյա Հակոբյանը: Միրզոյանը իր քաղաքական բևեռի կառուցման գործում փորձում է մասնակից դարձնել նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության ակտիվ դեմքերի:

Փաշինյանի թիմի հաջորդ ամենաազդեցիկ թևը «սորոսական» թևն է: Այս հիմնադրամի հետ կապված ավելի քան 18 պատգամավոր կա Ազգային Ժողովում, մի քանի պաշտոնյաներ կան կառավարութունում: Նրանք վերահսկում են լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ, ու անհրաժեշտության դեպքում կարող են խնդիրներ ստեղծել Փաշինյանի համար:

Ահա սրանք էին իշխանության ներսում այն ազդեցիկ թևերը, որոնց առկայությունը հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նոր իշխանությունների մեջ իհարկե կան նաև փոքր այլ խմբավորումներ, որոնցից է, օրինակ, Փաշինյանի «ախրանիկ» պատգամավոր Հայկ Սարգսյանի խումբը, բայց սրանք քաղաքական դեմքեր չեն ու չեն կարող վերաճել իշխանական թևի: Փոքր խմբավորումները հիմնականում իրենց նեղ անձնական խնդիրներն են լուծում և իրենց առաջ քաղաքական խնդիրներ չեն դնում, ուստի նրանք նաև իրենցից վտանգ չեն ներկայացնում:

Այս անձինք Փաշինյանի իշխանության համար շարունակում են մնալ որպես հենասյուներ: Փաշինյանի սպառնալիքը չի նշանակում, որ նա կփորձի հիմա ազատվել նրանցից, պարզապես նա զգուշացրել է, որ եթե բևեռների ձևավորումը սկսի սպառնալ իր իշխանության կայունությանը, ապա նա շատ արագ կզոհաբերի իրենց: