Նոր էլեկտրակայանի կառուցումը կբերի 1-1,5 դրամ...

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար:

«Հրազդանի ՋԷԿ-ը բավական հին կայան է, շատ ցածր ՕԳԳ-ով և արդեն իսկ իր ռեսուրսը սպառում է, մեկ-երկու տարվա ռեսուրս է մնացել: Այսինքն՝ այդ հզորությունը գալիս է նաև իրեն փոխարինելու»,- ասաց նա:

Բաղրամյանն ասաց, որ լարված գրաֆիկի ժամանակ, երբ էներգիան չի բավարարում, Հրազդանի ՋԷԿ-ը միացնում են, և այն էլեկտրաէներգիա է արտադրում բավական թանկ սակագնով: ՀԾԿՀ նախագահը նշեց՝ վառելիքային բաղադրիչը 31,5 դրամ է, որն արդեն դրամ ավել է, բացի այդ բաղադրիչից, շուրջ 10 դրամ էլ ծախսերի ապահովման համար է տրվում, այսինքն՝ 1 Կվտ-ի սակագինը հասնում է 40-41 դրամի:

ՀԾԿՀ նախագահն ասաց, որ նոր էլեկտրակայանը կլինի ամենից արդիականը, և դրա կառուցումը կբերի 1-1,5 դրամ սակագնի նվազման: