Նոր բնակարանային ծրագիր՝ հանրային ծառայողների...

Հանրային ծառայողներին բնակարանով ապահովելու համար կառավարությունը նոր ծրագիր կիրականացնի. նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը՝ նշելով, որ բնակարանային համալիրը գտնվելու է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի 19/8 հասցեում։

Համալիրը բաղկացած է լինելու 619 բնակարաններից, որից միայն 345-ն են նախատեսված հանրային ծառայողների համար։
Բնակարանների բաշխման և վաճառքի գործառույթներն իրականացնելու է Քաղաքաշինության կոմիտեն, որոշման շահառու կարող են դառնալ այն անձինք, որոնք նախկինում չեն օգտվել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրերից, հանդիսանում են հանրային ծառայող։

«Շահառու կարող են հանդիսանալ նաև ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցները, օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք, ՊՈԱԿ-երի աշխատաողները՝ վարչապետի համաձայնությամբ»,-ասաց Ղուլարյանը։
Բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի արժեքը ներքին հարդարմամբ կազմելու է 345 000 դրամ, առանց ներքին հարդարման՝ 310 000:

Ավտոկայանատեղիի արժեքը  2,5 միլիոն դրամ, բնակարանների ձեռք բերման կանխավճարը կկազմի 10 տոկոս։

Բնակարանի հավակնորդները իրենց տվյալները պետք է ուղարկեն Քաղաքաշինության կոմիտե, որից հետո կկայանա վիճակահանություն և, ըստ արդյունքների, կբաշխվեն բնակարաններն ու ավտոկայանատեղիները։

Կառուցապատողը «ՄԼ մայնինգ» ընկերությունն է։

Ղուլարյանն ասաց, որ բնակարանները նոր պետք է կառուցվեն, մոտ օրերս կսկսի շինարարությունը։