
Որեւէ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, որ իշխանական թիմը Հայաստանում տանուլ է տվել նաեւ իր դիրքերը տեղեկատվական հարթակում։ Պատճառները տարբեր են։ Իշխանականները սիրում են այդ մասին խոսելիս մեղադրել նախկինների հետ համագործակցող լրատվամիջոցներին, մինչդեռ իրականում խնդիրը հենց իշխանության ներկայացուցիչների մեջ է, որոնք իրենց ոչ ձեռնհաս, ոչ կոմպետենտ ու երբեմն հակասական հայտարարություններով, կիքսերով, «լյապերով» ակամա ստվերում են իշխանությանը, ընդ որում, ոչ միայն երկրի ներսում։ Սա ինչ որ իմաստով նույնիսկ բնական է, քանի որ մեծավ մասամբ ոչ լիարժեք բուհական կրթություն, քիչ փորձ ունեցող, իշխանափոխությամբ արբեցած, եւ այդ էյֆորիայից «աստղայինի» մեջ գտնվող իշխանականները չեն հասկանում, որ հասարակությունը մտածող, վերլուծող եւ սխալները տեսնող է, իսկ իրենք ոչ Բուդդա են ոչ Բրահման, որոնց շուրթերից դուրս եկած ամեն խոսք պետք է ընկալվի որպես ծայրահեղ ճշմարտություն։ Հերթական խնդրահարույց հայտարարությունը իշխանական պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի կողմից է արվել։ «Հրապարակի» հետ հարցազրույցում վերջինս այսպիսի բան է ասել Վենետիկի հանձնաժողովի մասին, այն դեպքում, երբ նեղ վիճակում հայտնված իշխանությունը, ինչպես պարզվեց շաբաթներ առաջ հանրայնացված նամակից, դիմել է հենց Վենետիկի հանձնաժողովի օգնությանը․ «Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ լեգիտիմ իշխանության վրա հրամայական մանդատ չունի, նրա կարծիքները խորհրդատվական են, գործընկերային, եւ մենք՝ ՀՀ իշխանությունները, ընդհանրապես արտաքին աշխարհից եկած զեկույցները, տվյալներն ընդունում ենք ի գիտություն, ոչ թե դրանք համարում ենք հանձնարարականներ: Դիմել ենք, որպեսզի հասկանանք նրանց կարծիքը, բայց դա չի նշանակում, որ կաշկանդված ենք լինելու այդ կարծիքով: Որովհետեւ այդ կարծիքով կարող են հնչել կարծիքներ, որոնք ավելի լավը կդարձնեն մեր նպատակադրումները: Մենք ընդամենը գործընկերային հարաբերություններից ելնելով ենք դիմել Վենետիկի հանձնաժողովին»։ Միանգամից, եթե նույնիսկ միջազգային իրավունքի մասնագետ, կամ իրավաբանի կրթություն էլ չունենաս, աչքի է զարնում միանգամից մի քանի հակասություն։
Նախ, զուտ քաղաքական-դիվանագիտական կոռեկտությունից ելնելով միջազգային կառույցների, նունիսկ խորհրդատվական կարծիքների հանդեպ նման մտքեր արտահայտելը չափազանց սխալ է եւ ոչ դիվանագիտական։ Երկրորդ․ այն որ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ ժողովրդի եւ լեգիտիմ իշխանության վրա հրամանայական մանդատ չունի, հասկանալի է ինքնին, եւ դա առաջին հերթին հենց Վենետիկի հանձնաժողովն է հասկանում, սակայն կա մի գեղեցիկ կապակցություն, որը չափազանց արդիական է բոլոր ժամանակներում՝ քաղաքականության եւ դիվանագիտության մեջ․ դա կոչվում է «կամավոր-պարտադիր»։
Վենետիկի հանձնաժողովն իհարկե տալիս է խորհրդատվական կարծիք, սակայն եթե այն հաշվի չի առնվում կայացրած որոշումներում, ապա նույն Վենետիկի հանձնաժողովը բավականին լծակներ ունի, որպեսզի միջազգային կառույցների շրջանակներում զգացնել տա, որ օրինակ պաշտոնական Երեւանը շեղվել է այն ուղուց, որը որպես խորհրդատվություն մատնանշել է ինքը, իսկ դա արդեն կարող է ազդել պաշտոնական Երեւանի եւ վարկանիշի, եւ հեղինակության, եւ նաեւ՝ միջազգային կազմակերպությունների՝ պաշտոնական Երեւանի հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա։ Հատկապես, որ Հայաստանը ինքնաբավ պետություն չէ, եւ էականորեն կախված է միջազգային տրանսֆերներից ու դոնորներից։
Այսինքն, թե՝ անկախ այն բանից, թե Վենետիկի հանձնաժողովը ինչ կարծիք է տալիս, կամ ինչ մանդատ ունի, ժողովրդի լեզվով ասած պետք է անցնել Վենետիկի հանձնաժողովի «թրի տակով», եթե ուզում ես մաս կազմել ժողովրդավար աշխարհի։ Եվ բացի այդ, երբ պատգամավոր Ուլիխանյանը խոսում է լեգիտիմ իշխանության մասին, պետք է հիշի, որ իշխանության լեգիտիմության չափն ու կշեռքը նույնպես միջազգային կառույցների ձեռքին է, այլապես, Հյուսիսային Կորեայում էլ գուցե մտածեն, որ իրենք լեգիտիմ իշխանություն են, սակայն աշխարհի աչքում նրանք դասական բռնապետություն են։ Ի դեպ նման աnզգուշությունները հերթական անգամ վատ վիճակի մեջ են դնում հենց Նիկոլ Փաշինյանին, ով պետք է «ջրի» կամ «սվաղի» իր թիմակիցների «լյապերը» նույն Վենետիկի հանձնաժողովի աչքում։ Եվ վերջապես, Վենետիկի հանձնաժողովը չի եկել մեզ ասել, եկեք ձեզ համար կարծիք տամ, այլ մենք ենք գնացել դիմել, հաշվի առնելով, որ ժամանակակից դեմոկրատիայի կրիտերիաներ սահմանող մարմիններից է այն հանդիսանում։