Նիկոլ Փաշինյանը կպահանջի Արմեն Սարգսյանի հրաժ...

Փետրվարի 6-ին Ազգային ժողովի մեծամասնությունը որոշում կայացրեց իր իսկ հեղինակած սահմանադրական փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի։ Իրավաբանները նախագիծն արդեն իսկ գնահատել են որպես հակասահմանադրական և վստահություն  հայտնել, որ հաջորդ իշխանությունների օրոք համահեղինակներն ու իրականացնոնղերը դատապարտվելու են սահմանադրական կարգի տապալման համար։

Ազգային Ժողովի իշխող մեծամասնությունն իր հակասահմանադրական քայլն արել է։ Հիմա գնդակը նախագահ Արմեն Սարգսյանի դաշտում է։ Նախագիծը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում նա կամ պետք է ստորագրի, և նախագիծը գնա հանրաքվեի, կամ կարող է այն ուղարկել ՍԴ, որպեսզի պարզվի, թե որքանով է նախագիծը համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։

Արմեն Սարգսյանը դժվարին ընտրության առաջ է կանգնած։ Գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է ճնշել նախագահ Արմեն Սարգսյանին։ Հենց նախագահին ճնշելու համար էր վարչապետի Ազգային ժողովի ելույթը, որում մասնավորապես ասվում էր․ «Եվ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի՝ որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր: Իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ»։

Իր այս տեքստով վարչապետ Փաշինյանն առաջիկա զարգացումների սցենարը ներկայացրեց։ Եթե Արմեն Սարգսյանը որոշի գնալ իրավական ճանապարհով ու նախագիծն ուղարկիր ՍԴ, ապա վարչապետի «կոնդակով» նա կճանաչվի «հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժ»։ Իսկ հաջորդ քայլը կլինի այն, որ Նիկոլ Փաշինյանը կպահանջի Արմեն Սարգսյանի հրաժարականը։ Կհիշի նախագահի քաղաքացիության հարցը, որը մինչ վարչապետ դառնալը բավական լավ խաղարկում էր։