Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտյան 6 թեզերը չեն կ...

Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հիշեցնելով իր իսկ ձեւակերպմամբ՝ համազգային այն վեց կոնսենսուսները, որոնք նա առաջարկել է 2019-ի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում՝ որպես համահայկականության, ազգային միասնության անկյունաքար ու բանաձև:

Նախ, դժվար է ասել, հաշվի առնելով նրա վարքագծի եւ գործունեության անկանխատեսելի, երբեմն իրարամերժ ու հակասական բնույթը, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել վերստին հրապարակել իր առաջարկած վեց թեզերը եւ դա արդյոք ինչ ուղեձներ է պարունակում ուղղված թերեւս ներքին լսարանին, քանի որ արտաքին աշխարհի համար նման թեզերը պարզապես ներքին սպառման համար նախատեսված կարգախոսներ են եւ առ ոչինչ միջազգային հարաբերությունների եւ գլոբալ քաղաքական եւ այլ պրոցեսների համար։

Պետք է հենց սկզբից արձանագրել, որ դրանք թերեւս միայն իր պատկերացումներն են ինչ որ իրականության ստեղծման առնչությամբ եւ միայն այդքանը։ Ավելին, դրանք համահայկականություն չունեն եւ չեն կարող ունենալ, քանի որ Սփյուռքի մասին որեւէ հիշատակում չկա։ Ավելին, եթե զուտ «կոնսենսուս» տերմինին անդրադառնանք, ապա այն մեծ հաշվով կոնֆլիկտային իրավիճակի հանգուցալուծումն է այնպիսի որոշումների կայացմամբ, որի առնչությամբ ներգրավված կողմերը սկզբունքային տարաձայնություններ չունեն։ Այն այսպես ասած ընդհանուր համաձայնության սկզբունքի հիման վրա կայացված որոշում է, եթե դրա դեմ որեւէ մեկը ելույթ չի ունենում։

Սովորաբար նման որոշումները կայացվում են առանց հատուկ քվեարկության։ Ավելի պարզ ասած, կոնսենսուսը ընդհանուր համաձայնությամբ, առանց նկատելի բացառման կայացված որոշումներն են։ Սրանից բխեցնելով, կարող ենք արձանագրել, որ Ստեփանակերտյան 6 թեզերը, ընդամենը երբեւէ օրակարգային քննարկման հարց չեն եղել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության լիարժեք ներկայացվածությամբ որեւէ հարթակում, հետեւաբար, պնդել, թե դրանք համազգային կամ համահայկականություն ունեցող թեզեր են, առնվազն խնդրահարույց է։

Նույնիսկ այդ թեզերում օգտագործված «Հայ ժողովուրդ» տերմինը չի կարող ապահովել այդ համազգայինությունն ու համահայկականությունը, քանի որ ցանկացած մեկի համար, ով փոքրիշատե ծանոթ է Հայ ժողովրդի պատմությանը, հստակ հասկանում է, որ Հայ ժողովուրդը որպես էթնիկ ամբողջություն բաղկացած է գոնե երեք խոշոր ինքնագլուխ հատվածներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր օրակարգը․ դա Հայաստանի ժողովուրդն է, Արցախի ժողովուրդն է եւ Սփյուռքի ժողովուրդն է։ Օրինակ համազգային կամ համահայկականություն ունեցող կոնսենսուս է Հայոց լեզվի պահպանությունը, ազգային ինքնության պահպանումը, Հայ մշակույթի պահպանումը, սակայն ոչ երբեք այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։