Նիկոլ Փաշինյանի ներգրավումը «ԱՅՈ»-ի քարոզչութ...

Ինչպես եւ կարելի էր սպասել, Նիկոլ Փաշինյանը, անկախ այն հանգամանքից, թե ով կամ ովքեր կհամակարգեն «ԱՅՈ»-ի քարոզարշավը, մտադիր է անձամբ մասնակցելու վերջինիս։ Ասել է, թե մինչեւ ապրիլի 3-ը, հասարակությունը բավականին սուր զգացողություններով տեսարաններ կունենա՝ «թամաշայի» համար։

Մեծ հաշվով եւ պառլամենտական ընդդիմությունը եւ արտապառլամենտական այն ուժերը, որոնք որոշեցին չեզոք դիրք գրավել այս մարաթոնի հանդեպ, խելամիտ որոշում կայացրեցին, քանի որ իշխանությունը, ըստ էության իրականացնելու է մի քարոզչություն, որով «Այո»-ն նույնացվելու է Նիկոլ Փաշինյանին աջակցելու հետ իսկ «Ոչ»-ը ներկայացվելու է որպես վերադարձ դեպի այսպես ասած «Հին Հայաստան» եւ նախկին ռեժիմ։

Սա կարելի է ինչ որ առումով սպասելի սցենար համարել, քանի որ միայն այս կերպ է հնարավոր գրգռել «պողոսների» զանգվածին, իսկ իշխանությունը ունի լուրջ խնդիր մասնակցություն ապահովելու։ Նիկոլ Փաշինյանի ներգրավումն էլ այս համատեքստում պետք է դիտարկել, քանի որ անկախ ամեն ինչից, ոչ ոք չունի հռետորական այն ձիրքը, որպիսին ունի նա։

Հաշվի առնելով տեղի ունեցած հետհեղափոխական ընտրական պրոցեսները կարելի է պատկերացնել, թե պոպուլիզմի, ատելության, ու դեմագոգության ինչպիսի չափաբաժին է նետվելու ասպարեզ անձամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից, առանց մտածելու, որ ապրիլի 5-ին հաջորդելու է ապրիլի 6-ը եւ այդ ատելությունը շարունակելու է շիկացրած պահել հասարակության որոշակի զանգվածների, որոնք այն պարպելու համար որոնելու են թիրախներ։

Արդեն այսօրվանից կարելի է ֆիքսել, որ ատելության թիրախում հայտնվելու են ՍԴ ոչ ցանկալի դատավորները՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ։