Նիկոլ Փաշինյանի խոսքը կաշկանդված էր․ նա ևս քա...

Նախորդ շաբաթ` Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքին երկու տասնյակ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարներ է նվիրաբերել: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքել էր այդ տեղեկությունը` նշելով, որ քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։

Ավելի ուշ Կարապետյանը հրապարակել էր քաղաքապետարանին տրված նվիրատվությունների ցանկը, ըստ որի` «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ն 3 «ԿամԱԶ» էր նվիրել քաղաքապետարանին։ Ընկերությունը Ալեքսանյանի հետ փոխկապակցված անձանց էր պատկանում։

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում խոսեց աղբատար մեքենաների և դրանց դիմաց տրված շինթույլտվությունների աղմկալի պատմության մասին։ Նա ըստ էության իր աջակցությունը հայտնեց քաղաքապետին։ Վարչապետի հայտարարության մասով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը  Politik.am-ի հետ զրույցում ասաց․«Եթե վարչապետը լուրջ հիմքեր ունենար քաղաքապետին պաշտպանելու, միանշանակ պաշտբանելու էր շատ բարձր տոնից, ինչպես հաճախ ականատես ենք լինում։ Երեկվա Նիկոլ Փաշինյանի խոսքը կաշկանդված էր։ Նա ևս քաջ գիտակցում է, որ մեր ներկայացրած բազմաթիվ փաստերը իրողություն են և անքննելի։Եկեք չմոռանանք, որ վարչապետը Հայկ Մարությանի քաղաքական թիմի առաջնորդն է, և այս խնդրի հետ կապված ունի որոշակի վերապահում, ինչը իհարկե վատ եմ գնահատում»:

Թեհմինա Վարդանյանը  խոսելով ավագանում բացարձակ մեծամասնություն կազմող իշող ուժի հետ աշխատելու դժվարությունների մասին ասաց․«Վերջին օրերի գործընթացները ևս մեկ անգամ փաստեցին, որ այն միֆը, որի մասին խոսում էին ավագանու անդամները գումարման սկզբում՝ ասել է թե մենք մեր ներքին ընդդիմությունն ունենք, անէացավ։ Իհարկե դժվար է աշխտել այդ միջավայրում, հաշվի առնելով ընդդիմության սակավաթվությունը։ Բայց նաև ընդգծեմ, որ դա որևէ կերպ մեզ չի կաշկանդում վերահսկել քաղաքապետի աշխատանքը»,-ասաց մեր զրուցակիցը ավելացնելով, որ հույս ունի, որ իրավապահները սկսված գործընթացը ավարտին կհասցնեն․«Դատախազությունն արդեն ուսումնասիրում է այդ գործընթացները։ Մնում է հուսալ, որ իրավապահները կգործեն անաչառության սկզբունքներից ելնելով։ Ինչպես գիտեք, ստեղծվել է նաև հանձնաժողով, որ պետք է ևս այս ամենն ուսումնասիրի»