Վերջնական տեսքի բերեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը

նիկոլ փաշինյան«Երկարատեւ քննարկումների արդյունքում այսօր վերջնական տեսքի բերեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը»,- Նիկոլ Փաշինյան:

«Երկարատեւ քննարկումների արդյունքում այսօր վերջնական տեսքի բերեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը: Ստորեւ ներկայացնում եմ ծրագրի նախաբանը, որն արտահայտում է մեր գործունեության ոգին եւ ձեւակերպում նպատակները»,- այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել է կուսակցության ծրագրի նախաբանը.

««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԲԱՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեության հիմնական նպատակն է հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնացումը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ այդ ներուժի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը:

Կուսակցության գործունեությունը միտված է առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը կրկնապատկելուն, ինչը ոչ թե մարդկանց կուտակման մեխանիկական գործողություն է, այլ երկրի բովանդակային վերակառուցման արգասիք:

Մարդու ազատության և արժանապատվության պաշտպանությունը, ստեղծարար ընդունակությունների եւ կրթության քաջալերումը, իրավունքի և օրինականության վրա հիմնված ազգային միասնությունը պիտի դառնան այն գործոնները, որ կհանգեցնեն տեսանելի արտագաղթի դադարեցման, ծնելիության աճի, Հին եւ Նոր Սփյուռքի հայերի՝ դեպի Հայաստան հարաճուն հայրենադարձության:

Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն. այս ուղենիշներով է առաջնորդվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Իր ծրագիրն իրագործելու համար Կուսակցությունը մտադիր է կազմակերպվել որպես ինստիտուցիոնալ հանրային-քաղաքական կառույց, միավորել նշյալ նպատակներին, կուսակցության ծրագրին համախոհ ՀՀ քաղաքացիների, ովքեր մասնակից կլինեն Հայաստանի Հանրապետության՝ առաջիկա 20 տարիների զարգացման ճանապարհային քարտեզի ձեւավորմանը:

Ճանապարհային քարտեզն իրագործելու համար Կուսակցությունը նպատակադրվում է ընտրություններում ստանալ ՀՀ քաղաքացիների վստահության քվեն եւ ստանձնել Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

:

Դիտվել է 29 անգամ
 


Այս թեմայով