Ներկայացվել են ՓՄՁ-ին արտոնյալ վարկերի պայման...

Կառավարության որոշմամբ փոքր ու միջին բիզնեսները, որոնք 2019 թվականին ունեցել են 24-500 մլն դրամ շրջանառություն, կարող են դիմել արտոնյալ պայմաններով վարկ ստանալու նպատակով։ Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը։

«Ոլորտները, որտեղից կարող են դիմել ՓՄՁ-ները, հետևյալն են՝ մշակող արդյունաբերություն, հանրային սնունդ, փոխադրումներ, զբոսաշրջային ծառայություններ, առողջապահական ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ։ Սրանք այն ոլորտներն են, որոնք ամենախոցելին են այս իրավիճակում և հարված են կրում։ Կա պահանջ, որ տվյալ աջակցության ծրագրին դիմող ՓՄՁ-ն պետք է ունենա բարվոք վարկային ու հարկային պատմություն և կարողանա տրամադրել անձնական երաշխավորություն»,- ասաց Նաիրա Մարգարյանը։ Վարկի առավելագույն չափը 50 մլն դրամ է, բայց ոչ ավելի, քան տնտեսվարող սուբյեկտի 2019 թվականի շրջանառության 10 տոկոսը։

Այս վարկային միջոցները կարող են օգտագործվել հետևյալ նպատալով՝ աշխատավարձի վճարման, բայց ոչ ավելի, քան երեք ամիս, տուրքեր վճարելու, հումքի գնման ու ներմուծման համար՝ պայմանով, որ հումքը պետք է օգտագորածվի ՀՀ-ում։ Նաև կարող են այդ միջոցներով իրականացնել հանրային ծառայությունների ու վարձակալական վճարումները։ Վարկերը տրամադրվելու են 36 ամսով, առաջի ամիսներին անտոկոս վարկեր են, 25-36-րդ ամիսների համար արդեն տարեկան 12 տոկոս տոկոսադրույք են ունենալու։ Առաջին վեց ամիսն արտոնյալ ժամանակահատված է, այդ ընթացքում վարկերի մարում տեղի չի ունենա։

Անդրադառնալով ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հայտարարություններին ու դժգոհություններին՝ փոխնախարարն ասաց«Ոլորտի հետ քննարկված հարցերը հիմնականում տեղ են գտել մեր աջակցության ծրագրերից երկուսում։ Երևի դուրս է մնացել միայն հարկային արձակուրդների պահանջը, որի մասին արդեն բազմիցս նշվել է, որ այս պահին հարկային արձակուրդներ տրամադրելու հարցն օրակարգում չէ»։