Ներդրումների բացակայությունը՝ տնտեսությունը ա...

Վերջերս ամենուր լսում ենք ներդրումների կրճատման կամ դրանց բացակայության մասին: Ներկայիս տնտեսական պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության տնտեսությունում մեծածավալ ներդրումների ներգրավումը:

Ներդրումների շարունակական կրճատումները կամ դրանց երակարաժամկետ բացակայությունը կարող է հանգեցնել ռեցեսիայի:
Ուստի կառավարությունը պետք է վարի ճկուն, արդյունավետ և համարձակ ներդրումային քաղաքականություն:

Անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ, մրցունակ, գայթակղիչ ներդրումային միջավայր, որոնք խթան կհանդիսանան և՚ ազգային, և՚ օտարերկրյա ներդրումների հետագա աճի համար:

Իսկ մրցունակ ներդրումային միջավայրի ստեղծման համար, նախ անհրաժեշտ է տնտեսական միջավայրը դիտել «ներդրողի աչքերով», բացահայտել մեր տնտեսության դրական և բացասական կողմերը, գայթակղիչ և վանող կողմերը, վեր հանել ներդրումների նվազման կամ բացակայության վրա ազդող գործոնները, իսկ հետո քայլ առ քայլ, հետևողականորեն կառուցել բարենպաստ ներդրումային միջավայր:

Այնուհետև հետևողականորեն և հաստատակամ քայլերով շարժվենք դեպի նպատակ:
Ի՞նչ է հետաքրքրում ներդրողին.
1. Լայն սպառում ունեցող շուկա
2. Էժան և որակյալ աշխատուժ
3. Ցածր հարկեր
4. Մեղմ հարկային վարչարարություն
5. Էժան ֆինանսական միջոցներ
6. Բաց սահմաններ, չպատերազմող երկիր
7. Ներքաղաքական կայուն մթնոլորտ
8. Կանխատեսելիություն
9. Կշռադատված քաղաքական հայտարարություններ
10. Պետական երարաժամկետ ռազմավարական ծրագրերի և տեսլականի առկայություն
11. Պրոֆեսիոնալ, կայացած, կոմպետենտ և օպերատիվ արձագանքող պետական ծառայողներ
12. Օտարերկրյա ներդրումների երաշխիքների մասին օրենսդրություն
13. Կայացած լոգիստիկ համակարգ
14. և այլն:

Ցանկը դեռ երկար կարելի է թվարկել:
Եթե ուշադրություն դարձնենք թվարկվածներին, կնկատենք, որ ունենք տրամագծորեն հակառակ պատկերը, ինչն էլ էական խոչնդոտ է հանդիսանում ներդրումների ներգրավման կամ աճի համար:

Այսպիսով ներդրումների աճին խանգարում է.

Հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխությունը, անկանխատեսելիությունը, կարծրությունը, ոչ թե բիզնեսի զարգացմանը համահունչ առաձգականությունը, այլ «Եթե պետությունը չի կարողանում վերահսկել «իր փայը», ուրեմն բիզնեսի հերն էլ անիծած» սկզբունքով առաջնորդվելը. Վառ օրինակ է բեռնափոխադրման, շրջիկ վաճառքի, և այլ բազմաթիվ ոլորտներում վարվող հարկային քաղաքականությունը

Իշխանությունների անկայուն վարքագիծը: Այսօր կարող են մի բան հայտարարել, վաղը լրիվ ուրիշ բան, մյուս օրը ընդհանրապես հայտարարել 180 աստիճան հակառակ բան, որից կախված է սպառողների և ներդրողների ռացիոնալ վարքագիծը
Արժեթղթերի շուկայի բացակայությունը

1994թ-ին ընդունված, վերջին անգամ 2007թ-ին փոփոխության ենթարկված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը
Բարձր հարկային բեռը, համենայնդեպս ոչ մրցունակ, ոչ շահագրգռող հարկերը

Ագրեսիվ հարկային վարչարարությունը
Չափազանց բարձր վարկային տոկոսադրույքները
Երկրի պատերազմական վիճակում գտնվելը
Երկրի սահմանների փակ լինելը
Անկանխատեսելի քաղաքական և տնտեսական միջավայրը
Չկշռադատված, անհետևողական, հակասական քաղաքական հայտարարությունները
Տնտեսության զարգացման ռազմավարության, թիրախավորման բացակայությունը
Պետական մարմիններում տիրող բյուրոկրատիան, անգրագետ և մեծամիտ ծառայողները
և այլն

Հետևանքը պետք է այդպիսին լիներ՝ ներդրումների բացակայություն:

Առաջարկում ենք.

«Ներդրումների մասին» նոր օրենքի ընդունում
Արտահանմանը միտված տնտեսական քաղաքականության վարում (հարկային համարձակ արտոնությունների սահմանում՝ շահութահարկի դրույքաչափի էական կրճատում, դիվիդենտի հարկի վերացում)
Գործարար տուրիզմի զարգացում (Էկոնոմիկայի նախարարության կազմում գտնվող Տուրիզմի պետական կոմիտեի առջև համարձակ և հավակնոտ խնդիրների սահմանում, պետք չէ վախենալ այդ ոլորտում գումար ծախսելուց)

Որոշակի ոլորտներում ներդրումներ կատարելու դեպքում շահութահարկի վերադարձի սահմանում
Արտադրության լայն տեսակներով զբաղվելու լիցենզավորման համակարգի ներդնում, և այդ գործիքի միջոցով այդ արտադրամասերին մարզերում տեղակայում

Որոշակի ընդունելի տոկոսից բարձր բիզնես վարկեր տրամադրող բանկերի շահութահարկի դրույքաչափի էական բարձրացում
Հարկային օրենսգրքի ֆունդամենտալ փոփոխություն, պարզեցում, հստակեցում, ըստ ոլորտների հարկառաջադրում, միկրոձեռնարկատիրության համակարգի և շրջանառության հարկի համակարգի հրատապ վերանայում
Բիզնեսի զարգացմանը համահունչ հարկային քաղաքականության օպերատիվ արձագանքում

Ներքաղաքական դաշտում ատելության և թշնամանքի վերացում, համերաշություն և կարող ուժերի համախմբում
Ոչ պրոֆեսիոնալ և ոչ կոմպետենտ պաշտոնյաներին և ծառայողներին աշխատանքից անմիջապես ազատում
Ֆիզիկական անձանց (բաժնետերեր, ղեկավարներ, իրական շահառուներ) համբավի տարանջատում կազմակերպությունների գործարար համբավից
Ունեցվածքի, կոռուպցիայի և չարաշահումների վերաբերյալ քրեական գործերը հանրայնացնել միայն ու բացառապես դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններոմ:

Առաջարկների կատարման արդյունքում
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ
• Պոտենցիալ ներդրողների վստահության վերականգնում
• Ազգային կապիտալի արտահոսքի կանխում
• Օտարերկրյա կապիտալի ներհոսք
• Գործազրկության մակարդակի իջեցում մինչև բնական մակարդակ (5 տոկոս)
• Տնտեսական թռիչքաձև աճ
• Աղքատության էական կրճատում:

Աուդիտորների Պալատի նախագահ՝
Նաիրի Սարգսյան