Նազենի Ղարիբյանը երաժշտական գործիքներ է հանձն...

Ապրիլի 12-ին Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տ. Հայրապետյանի անվան դահլիճում տեղի է ունեցել երաժշտական և արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ տրամադրելու հանդիսավոր արարողությունը:

Նշենք, որ գործիքները ձեռք են բերվել «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրով՝ 2018 թվականին:

Ողջույնի խոսքով է հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, որն իր խոսքում նշել է, որ արդի մշակութային քաղաքականության բազում նպատակներից մեկը Հայաստանում ձևավորված երաժշտական կրթության հիանալի ավանդույթները ոչ միայն պահպանելն է, այլև ժամանակին համընթաց նոր մոտեցումներ որդեգրելն ու զարգացնելը, որոնց շնորհիվ կատարողական արվեստի դժվարին ուղին ընտրած հայ երաժիշտները կշարունակեն ներկայանալ աշխարհին։

Նա նաև վստահություն է հայտնել, որ այս երաժշտական գործիքները գտել են իրենց ճիշտ հասցեատերերին.

«Վստահ եմ, որ ՀՀ մշակույթի նախարարության «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրով 2018 թ․ ընթացքում  ձեռքբերված երաժշտական գործիքները գտել են իրենց ճիշտ հասցեատերերին և կծառայեն մեր մշակութային ապագայի կերտմանը»:

Այնուհետև Նազենի Ղարիբյանը շնորհալի պատանիներին է հանձնել երաժշտական գործիքները: Հանդիսավոր արարողության ավարտին ելույթ են ունեցել Ստեփանավանի արվեստի դպրոցի, Գյումրու Ն. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի, Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի, Վեդիի երաժշտական դպրոցի, Գյումրու Խ. Ավետիսյանի անվան երաժշտական դպրոցի պատանի երաժիշտ-կատարողները: