Նավթի գնի նվազումը չի կարող հանգեցնել գազի գն...

Նավթի համաշխարհային գների կտրուկ անկման և դրա տնտեսական հետևանքների  մասին զրուցել ենք Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանի հետ։

Պարոն Մանվելյան այս պահին ի՞նչ իրավիճակ է նավթի համաշխարհային շուկայում։

Նավթի շուկայում այս պահին սպասումային իրավիճակ է՝ պայմանավորված Ռուսաստան-Սաուդյան Արաբիա բանակցային գործընթացի հետ։ Սակայն այդ բանակցությունները պարբերաբար հետաձգվում են, ինչն էլ ազդում է, որ նավթի գինը շարունակի ցածր մնալ։ Այս պահին մեկ բարել WTI նավթը Նյու Յորքի սակարանում արժե մոտ 24 դոլար, իսկ Լոնդոնում Brent-ը՝ մոտ 32 դոլար։ Եթե շաբաթը սկսվեց նավթի գների որոշակի բարձրացմամբ, ապա այս պահին նվազման միտում կա, քանի որ դրական արձագանքներ բանակցություններից չկան։ Բացի այդ, կորոնավիրուսով պայմանավորված ավիաչվերթների զանգվածային չեղարկումները նույնպես բացասաբար են ազդել նավթի շուկայի վրա։ Հիշեցնեմ, որ աշխարհում արդյունահանվող հում նավթի 80 տոկոսը սպառվում է որպես բենզին։

Ահռելի գնանկումն ինչպիսի՞ ազդեցություն է թողել և թողնելու ռուսական շուկայի վրա։

Ռուսաստանի ՀՆԱ-ում էներգետիկ սեկտորը կազմում է ընդամենը 11 տոկոս, ինչը նշանակում է, որ այդ պետությունն իրականում խորքային կախվածություն չունի այդ հումքից։ Սակայն, մյուս կողմից, այդ երկիր մտնող արտարժույթի ահռելի բաժինը կամ մոտ 60 տոկոսը գալիս է հենց այդ հումքի վաճառքից։ Հենց դա է պատճառը, որ նավթի գնանկումը բացասաբար է ազդում ռուսական արժույթի՝ ռուբլու վրա՝ հանգեցնելով ինֆլյացիայի։ Սա էլ իր հերթին բերում է ներմուծվող ապրանքների գների թանկացման։ Իսկ հիշենք, որ դեպի այդ պետություն է արտահանվում ՀՀ ապրանքների ու գյուղմթերքի 80 տոկոսը, իսկ ռուբլու կուրսի բարձրացման պայմաներում մեր ապրանքներն ավտոմատ կերպով թանկանում են ու դառնում ոչ մրցունակ։

Նաթվի գների անկումն արդյո՞ք ազդում է նաև գազի գնի վրա, և որքանո՞վ են իրատեսական այն պնդումները, որ այս պայմաններում ՌԴ-ն պետք է գազն էժանացնի մեզ համար։

Սա տարածված մոլորություն է, որ իբրև թե նավթի ու գազի գները փոխկապակցված են։ Իրականում, 2000-ակաների սկզբին ՌԴ-ի պնդմամբ դեպի Եվրոպա մատակարարվող գազի գնագոյացումը կապվեց նավթի գնի հետ, քանի որ նավթի գինն անընդհատ բարձրանում էր, հետագայում այդ սկզբունքը պահպանվեց այդ շուկայի համար։ Այլ շուկաներում այս սկզբունքը չի գործում, հետևաբար՝ նմանատիպ տնտեսական կապն արհեստական է։

Գազի գնագոյացման մեջ մեծ տեղ է զբաղեցնում քաղաքական կոմպոնենտը, և երկու երկրների հարաբերությունների որակն էլ որոշում է, թե Ռուսաստանն ինչ գնով գազը կվաճառի այս կամ այն պետությանը։ ՌԴ-ի կողմից ՀՀ-ի համար գազի գնի հնարավոր նվազեցումը պայամանավորված է երկու պետությունների միջև հարաբերությունների որակից, ինչը, անկեղծ լինենք, այսօր լավագույնը չես համարի, և, բացի այդ, բանակցություններ վարելու կարողությունից։ Այստեղ երկկողմ բանակցություններ են պետք, առաջին հերթին՝ վարչապետ-նախագահ մակարդակով, և ուղղակի բանակցություններ «Գազպրոմի» հետ, ասենք, փոխվարչապետի մակարդակով, սակայն, եթե բանակցությունների առաջին մակարդակը բացակայում է, ապա երկրորդի հաջողության մասին խոսելն անիմաստ է։