Նախօրեի տապալված քվեարկությունը Նիկոլ Փաշինյա...

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած այն օրինագծի քվեարկությունը, որով նախատեսվում էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պետք է օրենքի ուժով մասնակցի Անվտանգության խորհրդի նիստերին եւ որը չանցավ առաջին ընթերցմամբ, քանի որ որպես սահմանադրական օրենք պետք է ապահովվեր ձայների 3/5-ը, Նիկոլ Փաշինյանին բավական շատ մտածելու առիթ պիտի տա՝ կապված իր քաղաքական թիմի պառլամենտական հատվածի հանդեպ վստահության մասով։ Ըստ էության տապալվեց մի օրինագծի քվեարկություն որն ուներ կառավարության դրական եզրակացությունը։

Առհասարակ նոր իշխանությունների՝ պետության ղեկավարությունը ստանձնելուց հետո, մամուլում հազարավոր հրապարակումներ են եղել այն մասին, որ թիմում վաղ թե ուշ ներքին ճգնաժամ է առաջանալու վստահության դեֆիցիտի հիմքով։ Չի կարող չառաջանալ, քանի որ չկա գաղափարական ընդհանրություն թիմի ներսում, այլ կա ընդամենը շահերի բարեբաստիկ համընկնում եւ դրա վրա կառուցված մեկ անձի շուրջ պտտվող բրգաձեւ համակարգ։ Ու երեկվա քվեարկությունը ցույց տվեց, որ երբ մի թեւը մյուսից օրինակ ինչ որ հարցով դժգոհ է, ապա կարող են լինել նաեւ նման զարգացումներ։

Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանն այս ամենից հետեւություններ կանի։ Հիշեցնենք, որ վերջինս ժամանակին խոսել է սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին։ Չի բացառվում ամենեւին, որ այդ փոփոխությունները իրականացվեն լրիվ այլ հունով, եթե վստահության դեֆիցիտը պառլամենտական իշխանական խմբակցությունում շարունակի աճել, ու օրինակ որոշվի որ Հայաստանը դեռ ամբողջապես պատրաստ չէ պառլամենտական կառավարման համակարգին։

Նման զարգացումը Փաշինյանին կապահովի իշխանության ղեկը ձեռքում պահել, առանց մտավախություններ ունենալով պառլամենտական խմբակցությունում իշխող «կարապի խեցգետնի ու գայլաձկան» տրամադրություններից։