Նախորդ տարվա 9 ամսվա համեմատ 250 մլն դոլարից...

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ արտարժույթի ձեռքբերման գործընթացին՝ նշելով, որ դա երկրի համար դրական նշանակություն ունի:

«Խոսքը գնում է մեր կողմից վարվող արտարժութային քաղաքականության մասին: Ինչպես գիտեք, մենք վարում ենք լողացող կուրսի քաղաքականություն: Բայց, մյուս կողմից, մենք այս տարի հնարավորություն ունեցանք բավական արտարժույթ գնել: Դեռ չենք հասել 500 միլիոն դոլարի, բայց դրանից մի քիչ պակաս գնել ենք այս տարի: Դա աննախադեպ է. ես նշեցի, որ նույնիսկ այս տարիներին, երբ դրամի կտրուկ արժևորում էր լինում, մենք այդքան արտարժույթ չէինք գնում»,- նշեց նա:

Ըստ Ջավադյանի՝ արտարժույթի ձեռքբերման առաջին օգուտն այն է, որ այդ կերպ մենք նախ ավելացնում ենք մեր արտաքին պահուստները:

«Նախորդ տարվա 9 ամսվա համեմատ 250 մլն դոլարից ավելի պահուստ ունենք: Այդ պատճառով կարելի է կանխատեսել, որ տարվա վերջին էլ մեր պահուստներն ավելի շատ կլինեն, քան նախորդ տարի էր»:

ԿԲ նախագահն ընդգծեց, որ պահուստների մեծ չափը լուծում է երկրի պոտենցիալի խնդիրը: Մեծ պահուստը նշանակում է ավելի մեծ հնարավորություններով երկիր:

Երկրորդ օգուտն այն է, որ, ըստ էության, դոլարը գնելով՝ այդքան գումար ենք ներարկում տնտեսություն: Դա նպաստում է տնտեսական ակտիվության բարձրացմանը:

«Այլ փոփոխություններ էլ ենք արել պարտադիր պահուստավորման մասով, և դրա արդյունքում մոտավորապես 300 մլրդ դրամ ենք ներարկել մեր տնտեսություն բանկերի միջոցով»,- ասաց Ա. Ջավադյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք պահուստները կմեծանան, նա նշեց, որ դա կախված է նաև միջազգային միտումներից, աշխարհաքաղաքական զարգացումներից, գնաճից և այլ ցուցանիշներից:

«Կանխատեսումն այնպիսին է, որ նույնիսկ չլինելով օպտիմիստ, այլ՝ ռեալիստ-պրագմատիկ՝ կարող եմ ասել, որ այս տարվա պահուստները կլինեն ամենաբարձրը»: