Նախկինների անհաջողության պատճառը․ ինչու՞ հասա...

Արդեն տեւական ժամանակ է, ինչ հայաստանյան ներքաղաքական դաշտում քննարկման հարց է դարձել այն, թե որն է ընդդիմության սխալը, որ չեն կարողանում ավելի արդյունավետ դարձնել իրենց պայքարն ընդդեմ գործող իշխանությունների, չնայած այն բանին, որ գործող իշխող թիմը սխալների պակաս, կարծես թե չունի։

Ոմանք պատճառները տեսնում են իշխանության գլուխ կանգնած անձի՝ Նիկոլ Փաշինյանի՝ չափազանց գրագետ մեթոդոլոգիայով աշխատելու, ժամանակակից քվանտային եւ ցանցային քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելու մեջ։ Սակայն կարծես թե հակառակ բեւեռում կանգնածներն էլ յուրացրել են այդ մեթոդները եւ առաջ են շարժվում այդ կերպ։

Մյուսների համար պատճառը այն է, որ հասարակությունը դեռեւս հույսեր ունի իշխանությունների հետ։ Սա ինչ որ առումով, իհարկե ճիշտ է, սակայն այսպես ասած իշխանափոխությամբ առաջացած էյֆորիկ վիճակը կարծես թե արդեն նստել է եւ նույնիսկ ֆեյսբուքյան հարթակում, պայմանական ասած «զոմբիների բանակը» բավական նոսրացել է։

Երրորդ տարբերակի համաձայն, Փաշինյանը կարողանում է նախկինների քննադատության դատապարտման «ուտելիքով» դեռ «կերակրել» ժողովրդի մի ստվար զանգվածի։ Սա ճիշտ է։ Հակափաշինյանական թեւում էլ փորձում են Փաշինյանի սխալները բարձրաձայնել։ Սակայն կարծես թե նախկինների սխալները այնքան շատ են, որ գալիս ու ծածկում են Փաշինյանի թիմի սխալներին եւ հակափաշինյանական ճամբարում եղածների մատնանշումների էֆեկտը բավական թույլ է ստացվում սպասվածից։

Որն է խնդիրը։ Պատմության մի բավական հետաքրքիր օրինակ կա։ Երկրորդ աշխարհամարտից հետո Հռոմի Կաթոլիկ եկեղեցին հայտնվել էր լուրջ ճգնաժամի մեջ։ Այն աստիճան, որ հարկ եղավ հրավիրելու Վատիկանի 2-րդ ժողովը եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցին սկսեց արագորեն բարեփոխվել, որքան հնարավոր է բարեփոխությունը այնպիսի պահպանողական քարացած կառույցում, ինչպիսին եկեղեցին է։ Քսաներորդ դարի մեծագույն Պապերից մեկը՝ Հովհաննես-Պողոս 2-րդը, գնաց աննախադեպ քայլի՝ նա աշխարհից ներողություն խնդրեց բոլոր այն սխալների որ չարիքների համար, որոնք Կաթոլիկ եկեղեցին գործել է մարդկության հանդեպ։ Սա չտեսնված ու չլսված բան էր։

Ներողությունը լսվեց ու նպաստեց, որպեսզի վստահությունը Կաթոլիկ եկեղեցու հանդեպ վերականգնվի։ Նույնը պետք է անեն նախկինները, որոնք այսօր հակափաշինյանական ճամբարում են։

Հարկ է ոչ թե մատնանշել միայն Փաշինյանի սխալները, այլ նաեւ անկեղծորեն ընդունել սեփական սխալները, հատ առ հատ նշել դրանք, եւ ներողություն խնդրել սեփական ժողովրդից այդ սխալների համար։ Սա չափազանց կարեւոր քայլ է քաղաքական մեծ խոտովանանք, որը կդնի քաղաքական դաշտի առողջացման հիմքը։