Նախկին իշխանությունները ևս փորձում էին Արցախը...

Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե ինքը ԼՂ կարգավորման բանակցությունները սկսել է այն կետից, որտեղ կանգ էր առել ՀՀ երրորդ նախագահը. «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից»։ Politik.am-ը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանից փորձել է պարզել՝ ո՞րն է Փաշինյանի կետը:

«Չեմ կարծում, թե նախքան այս եղած պայմանավորվածությունները պետք է չեղյալ հայտարարել: Ես կարծում եմ՝ վարչապետը նկատի ուներ հետևյալը՝ մենք պետք է ավելի կոնկրետ հասկանանք, թե Մադրիդյան սկզբունքներից որն ինչ է նշանակում, և ըստ այդմ հասկանանք, թե կողմերից ով որը գործնականում ինչպես է պատկերացնում, և ըստ այդմ որոշենք՝ շարունակու՞մ ենք բանակցել այդ սկզբունքներով, թե՞ ոչ: Այսինքն՝ միանշանակ չէ, որ բանակցային գործընթացը շարունակվելու է Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Խոսքը ոչ թե այն մասին էր, թե շարունակե՞լ այն նույն կետից, որտեղ կանգնել է Սերժ Սարգսյանը, այլ՝ վերադառնալ, հասկանալ՝ կետերից որն ինչ է նշանակում»,-ասում է քաղաքագետը:

Հարցին, թե Ադրբեջանի կողմից ռազմական սադրանքների իրականացման հավանականություն կա՞, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց.« Հավանականություն միշտ եղել է սադրանքների, անգամ՝ ռազմական լուրջ գործողություններ սկսելու, հիմա էլ այդ հավանականությունը պահպանվում է, նույնիսկ ավելի է մեծացել՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները»:

Քաղաքագետի խոսքով՝ մենք հիմա գտնվում ենք հետևյալ փուլում.«Փորձելու ենք Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Այնպես չէ, որ նախկին իշխանությունները չէին աշխատում այդ ուղղությամբ. նրանք էլ էին աշխատում, և նրանք էլ էին իրենց առջև այդպիսի խնդիր դրել: Բայց խնդիրը հետևյալն է՝ քանի դեռ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ չէ, բանակցություններում առաջընթաց ակնկալել պետք չէ: Այսինքն՝ կարելի է շարունակ, տարիներով ձգել»:

Քաղաքագետի կարծիքով՝ հայ ժողովուրդը միշտ է պատրաստ խաղաղության, խնդիրն այն է՝ ինչ գին ենք պատրաստ վճարել դրա համար: