Նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը բար...

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը (Աշխ. Օր. իմաստով պարգևավճարը ևս աշխատավարձ է) բարձրացնելը լավ է ու անհրաժեշտ, բայց դա գաղտնի անելը խայտառակություն է և օրենքի էության ոտնահարում: Ու թեև ՀԵՏՔ-ը գրել է միայն նախարար-փոխնախարարների մասով, սակայն բոլորս գիտենք, որ դա վերաբերվում է հանրային ծառայողների մի մեծ խմբի:

Կներեք, բայց աշխատավարձ բարձրացնելու կամ պարգևավճար տալու վարչապետի հրամանի գաղտնիությունս ո՞րն է: Ո՞նց կարող է դա գաղտնի լինել հանրությունից:

Նիկոլ Փաշինյան, հանրությունից գաղտնի կերպով պարբերական պարգևավճարներ տալու փոխարեն ավելի լավ կլիներ, որ ազնվությամբ հայտարարեիք, որ պաշտոնյաների աշխատավարձը պետք է էապես բարձրացվի ու օրենքում համապատասխան փոփոխություն նախաձեռնեիք:

Այո, այդպիսի նախաձեռնությունը որոշ խմբեր կքննադատեին, բայց դա կլիներ շատ ավելի ազնիվ քայլ, քան հանրությունից գաղտնի աշխատավարձները, ըստ էության, ապօրինի բարձրացումը:

Հ.Գ. Իմիջայլոց, այս պրակտիկան ՀՀԿ-ի օրոք է սկսվել և ժամանակն է դրա վերջը տալու: Ի վերջո, ՀՀԿ-ն չուներ այնքան լեգիտիմություն, որ հանրությանը ասեր, որ պաշտոնյաներն պետք է ավելի շատ փող ստանան»: