Մոսկվայի կրկնակի մեսիջը Արցախին. Մայիլյանն ան...

Սիրիայում ռուս–թուրքական բախումը սպառնում է տարածվել այդ երկու երկրների շահերի մյուս գոտիներ՝ Լիբիա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, Արցախ։ Ակնհայտ է, որ և՛ ռուսական, և՛ թուրքական կողմերը փորձելու են մրցել տարբեր հարթակներում՝ այլոց ձեռքերով։ Թուրքիայում կա տեսակետ, որ անհրաժեշտ է Սիրիայում ռուսներից կրած պարտության դիմաց Արցախում Ադրբեջանի միջոցով հաջողություն գրանցել։ Ադրբեջանում հույս ունեն, որ ինչպես 2016–ի ապրիլին, հիմա էլ իրենք կարող են ստանալ թուրքական աջակցություն, առավելևս, որ Թուրքիան հիմա հակառուսական ռևանշի հասնելու տարածք է փնտրում։

Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա քեմալականներն աննախադեպ ճնշում են գործադրում՝ ստիպելով նրան հայացքը Սիրիայից և արաբական աշխարհից ուղղել դեպի թուրքական աշխարհի կողմը,այսինքն՝ դեպի Ադրբեջան և միջին Ասիա։ Թուրքական աշխարհի ամբողջականացմանը խանգարում են Հայաստանն ու Արցախը, ինչպես նաև ռուսական ներկայությունը մեր տարածաշրջանում։ Թուրք ազգայնականները կարծում են, որ հենց Արցախի ուղղությամբ է պետք հարվածել ռուսներին՝ զուգահեռաբար լուծելով պանթուրքիստական խնդիրները։ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանի ձեռքերով փոխհատուցել Սիրիայում ստացած հարվածը։ Դա է պատճառը, որ Կրեմլն անտարբեր չէ Արցախում ընթացող նախագահական ու խորհրդարանական ընտրությունների նկատմամբ։

ՌԴ իշխանությունները, մեղմ ասած, բացասաբար են վերաբերվում Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ այն համարելով արևմտյան նախագիծ։ Ռուսները ռազմաբազա ունեն Հայաստանում և ռազմավարական շահեր Հարավային Կովկասում։ Ստեղծված լարված իրավիճակում նրանք դեմ են, որպեսզի Արևմուտքը և նրա տարածաշրջանային օպերատոր Թուրքիան կարողանան հեղափոխությունը Հայաստանից արտահանել դեպի Արցախ։ Դա կսպառնա Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, բայց ոչ պակաս հարված կհասցնի նաև ՌԴ աշխարհաքաղաքական շահերին։ Նախագահի թեկնածու առաջադրված Մասիս Մայիլյանը համարվում է Հայաստանի 5–րդ շարասյուն հանդիսացող սորոսականների թեկնածուն։ Համենայնդեպս այդպիսին է Մայիլյանի մասին ընկալումը Մոսկվայում և Երևանի ու Ստեփանակերտի տարբեր շրջանակներում։ Դա է պատճառը, որ ՌԴ–ն, առանց ավելորդ դիվանագիտական նրբանկատության, արգելել է Մայիլյանի մուտքը Ռուսաստան։ Մայիլյանը փորձել է դա հերքել, բայց ավելի շուտ հաստատել է իր այդ հերքումով։

Մայիլյանի արգելումն իրականում սենսացիոն որոշում կարելի է համարել, քանզի Մայլիյանը Արցախի գործող արտգործնախարարն է։ Բայց ռուս–թուրքական հակամարտությունն այնպիսի եռման աստիճանի է հասել, որ ռուսները ձևականությունների հետևից չեն ընկել և կոնկրետ մեսիջ են հղել Արցախին՝ Մայիլյանին հայտարարելով անցանկալի անձ։ Մայիլյանի պատճառով արգելվել է նաև ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ։ Վերջինս, ինչ–ինչ հաշվարկներից ելնելով, հայտարարել է նախագահական ընտրություններում Մայիլյանին պաշտպանելու մասին։

Բաբայանը շատ լավ գիտի Մայիլյանի իրական կշիռը, սակայն բազմաքայլ կոմբինացիաներից ելնելով որոշել է նրան պաշտպանել, բայց լուրջ հարված է ստացել ՌԴ–ից, քանզի աշխարհաքաղաքական պատմության մեջ է հայտնվել։ Ուշագրավն այն է, որ ՌԴ–ից գրեթե միաժամանակ երկրորդ մեսիջն է հղվել Արցախին։ «Փաստում» լուր հրապարակվեց այն մասին, որ Կրեմլը քաղտեխնոլոգներ է ուղարկել Ստեփանակերտ։ Նրանք աշխատում են Վիտալի Բալասանյանի օգտին։ Նախագահի թեկնածու Բալասանյանի շտաբից չեն մեկնաբանում լուրը։ Արցախը փոքր տարածք է և բոլորը հասցրել են տեսնել ռուս քաղտեխնոլոգների ելումուտը Բալասանյանի շտաբ։ Բալասանյանի օգտին քարոզչախումբ ուղարկելով՝ Մոսկվան ցույց է տալիս, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իրենք ցանկալի են համարում Արցախի ղեկավարի դերում պատերազմն անցած գեներալին՝ Բալասանյանին։ Այսպիսով, մեզ մնում է արձանագրել, որ Ռուսաստանը, որը անվտանգության հարցերում մեր թիվ մեկ ռազմավարական գործընկերն է, անցանկալի անձ է համարում Մայիլյանին և գործընկեր՝ Բալասանյանին։ Ընտրությունն, իհարկե, արցախցիներինն է, բայց ամեն դեպքում նոնսենս կլինի քվեարկել մեկի օգտին, ում մուտքը ռազմավարական դաշնակցի տարածք արգելափակված է այն պատճառով, որ նրան Մոսկվայում համարում են արևմտա–թուրքական նախագծի մաս՝ հեղափոխական վիրուս։