Մոսկվան կամաց կամաց իրականացնում է «խորհրդայի...

Իշխանական քարոզչամեքենան կարծես սկսել է շատ նուրբ ձեւով ներդնել այն գաղափարը, որ ի վերջո Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը կարող են հայտնվել միեւնույն անվտանգային համակարգում։ Ներդրումը եւ Երեւանից է, եւ Ստեփանակերտից։ Սա առնվազն կարող է նշանակել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ընտրվել է Կիպրական հակամարտության կարգավորման մոդելը, վերափոխված տարբերակով։

Մասնավորապես, Կիպրական հակամարտության դեպքում թե Հունաստանը, թե Կիպրոսը եւ թե Թուրքիան հանդիսանում է Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամ, ինչը նշանակում է, որ անկախ ամեն ինչից նրանք չեն կարող կրակել մեկմեկու վրա, որպես դաշնակիցներ։

Նույն մոդելը եթե տեղայնացնենք Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հակամարտության պարագայում, ապա եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը կարող են հայտնվել նույն անվտանգային համակարգում, օրինակ ՀԱՊԿ-ում, որը կնշանակի, որ Արցախյան հակամարտությունը Կիպրականի նման պարզապես որպես հարց, մեջտեղից դուրս կգա, քանի որ որպես դաշնակիցներ ոչ մի ադրբեջանցի համարձակություն չի ունենա կրակելու հայկական կողմի վրա եւ հակառակը, հատկապես որ արանքում կանգնած լինեն օրինակ ռուս խաղաղապահները՝ կապ չունի ԱՊՀ կամ ՀԱՊԿ դրոշի ներքո՝ ՄԱԿ եւ ԵԱՀԿ «օրհնությունը ստացած», ինչպես սիրում էր ասել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Սա եթե հաշվարկեք աշխարհաքաղաքականության տեսանկյունից, ամենաձեռնտու տարբերակն է Մոսկվայի համար։ Մոսկվան բազմակի օգուտներ է ստանում այս լուծմամբ։

Նախ, Բաքվին պահում է իր ազդեցության ոլորտում, հնարավորություն է ստանում իր զորքերը մտցնել խաղաղապահի կարգավիճակով միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք, ինչը անխոս նշանակում է Ադրբեջանի սուվերենտիտետի նվազում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բաց սահմաններ, որը նաեւ նշանակում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բաց սահմաններ, իսկ դա իր հերթին արդեն երկրորդ շնչառություն է ԵԱՏՄ համար եւ նաեւ հիանալի խաղաքարտ Վրաստանի տարանցիկ նշանակությունը նվազեցնելու եւ վրացական պրոարեւմտյան իշխանություններին վերջնականապես ծունկի բերելու համար։

Սա գոնե Հարավային Կովկասի մասով Մոսկվայի համար կնշանակի խորհրդային ժառանգության «հողահավաքի» ամբողջականացում։ Ու կարծես թե աշխարհաքաղաքական ներկայիս մթնոլորտը այս ամենի համար բավական նպաստավոր է։