Մոսկվան հերթական անգամ «մեսիջ» հղեց Երեւանին

Ինչպես հայտնի է մայիսի 19-ին տեղի ունեցավ Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը՝ տեսակոնֆերանսային ձեւաչափով։ Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել էր գազի գնի հարցը, առաջարկելով, որպեսզի ԵԱՏՄ-ում գործեն գազի միասնական տարիֆներ։

Փաշինյանի առաջարկությանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բավական չոր արձագանք է տվել, մասնավորապես ասելով․ «Ինչ վերաբերում է մեր հայ եւ բելառուս բարեկամների կողմից առաջարկված միասնական տարիֆին՝ գազի տրանսպորտայնացման եւ տարանցման ծառայությունների համար, ապա մենք կարծում ենք, որ միասնական տարիֆը կարող է միայն այն դեպքում գործել, երբ լինի միասնական շուկա, միասնական բյուջե եւ միասնական հարկային համակարգ։ Նման խորը ինտեգրացիա ԵԱՏՄ-ում դեռեւս չկա», իսկ մինչ այդ «գազի գնագոյացումն իրականանալու է շուկայական կոնյունկտուրայի հիման վրա»»։

Գազի գնի հարցը բավական նուրբ եւ զգայուն հարց է, եւ որքան էլ հարցը փորձենք միայն դիտարկել տնտեսական հարթակում, միեւնույնն է, չենք կարող ասել, որ այն քաղաքական բաղադրիչ չունի։ Ավելին, աշխարհի միտումները հաշվի առնելով կարելի է ասել, որ էներգակիրները արդեն վաղուց մաս են կազմում գլոբալ քաղաքականության եւ դիվանագիտության։

Այս տրամաբանությամբ արդեն, ավելի ճշմարիտ է այն տեսակետը, որ Մոսկվան հերթական անգամ «մեսիջ» հղեց Երեւանին, որը, սակայն Երեւանում ինչպես կհասկանան, ինչպես կվերծանեն, ցույց կտա ժամանակը։ Իսկ որ հայ-ռուսական հարաբերությունները սկսած 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից, բավական լարված բնույթ են ստացել, հասկանալի է լիովին, հաշվի առնելով 2018-20 թթ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, որոնք անմիջականորեն առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին։ Խոսքը նախ եւ առաջ իշխանափոխության առաջին շաբաթներին ոգեւորության պիկում գտնվող Փաշինյանի թիմի կողմից ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումների եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումների մասին է։

Երկու հարցն էլ Մոսկվայի համար կարեւոր են եւ զգայուն, քանի որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի ստեղծած ռազմա-քաղաքական կառույցն է, որը կոչված է հակակշռելու ՆԱՏՕ-ին, իսկ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ճարտարապետներից մեկը։ Իհարկե, 2018-19 թթ Մոսկվան շատ ավելի մեղմ էր Երեւանի հանդեպ, սակայն չմոռանանք, որ այդ ընթացքում Հայաստանը, ըստ ռեգիոնալ ինտեգրացիոն կառույցների կանոնադրությունների, ռոտացիոն կարգով նախագահում էր ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, իսկ ահա 2020-ի հունվարից նախագահությունն անցել է Բելառուսին, եւ Ռուսաստանը Հայաստանի ոչ այնքան զուլալ մտքեր ունեցող իշխանությունների հետ ավելորդ ձեւականությունների պատճառ պարզապես չունի, եւ վարում է խիստ պրագմատիկ եւ իրերն իրենց անուններով տրվող քաղաքականություն։

Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ գազի գնի հարցը Փաշինյանի կաբինետի համար բավական կարեւորված է ոչ միայն նրա համար, որ չափազանց զգայուն է եւ վերաբերում է Հայաստանի ողջ բնակչությանը, այլ նաեւ, որովհետեւ կարելի է քաղաքական իմաստով կապիտալացնել եւ ներքին լսարանին ներկայացնել որպես ձեռքբերում։