Մոսկվա-Բաքու ռազմական մատակարարումները պետք է...

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է «Կոմերսանտի» լրագրողի հարցին ի պատասխան, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրաստվում են սպառազինության գնման վերաբերյալ նոր պայմանագիր կնքել: Ըստ Ադրբեջանի թիվ մեկ դիվանագետի կան որոշակի հետաքրքիր գաղափարներ եւ հենց գործարքն ավարտվի այդ մասին կիրազեկվեն նաեւ լրատվամիջոցները։ Ասել է, թե գործարքի հետ կապված բանակցությունները արդեն ընթանում են եւ գործարքն արդեն ընթացքի մեջ է։

Այն, որ այդ գործարքն արդեն ուժի մեջ է եւ կարեւոր է Մոսկվայի համար, կարելի է հասկանալ նաեւ երեկ Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետեւյալ հայտարարությունից․ «Ես միայն կարող եմ ընդգծել, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության կարևորագույն ոլորտներից մեկն է»։

Լավրովը նկատել է, որ Մոսկվան եւ Բաքուն «զարգացնում են իրենց համագործակցությունը միջազգային նորմերին համապատասխան, համաձայն Ադրբեջանի և Ռուսաստանի օրենսդրության և ամբողջովին հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որը կարևոր է պահպանելու տարածաշրջանում կայունությունը»:

Սա, ինքնին հասկանալի է, որ Մոսկվայի պատասխանն էր Երեւանի՝ ՀԱՊԿ անդամներին ուղղված՝ Ադրբեջանին զենք չվաճառելու կոչին։ Հասկանալի է, որ Մոսկվան զենք վաճառել է եւ վաճառելու է Բաքվին ու ամեն անգամ հայտարարելու է, որ Հայաստանին այնպիսի սպառազինություններ է տալիս, որոնք այլ երկրների երբեք չեն փոխանցվում կամ վաճառվում։ Այս դեպքում ինչ պետք է անի Երեւանը։

Եթե իհարկե Փաշինյանի կաբինետն ունենա այդքան համարձակություն կամ խիզախություն, օրինակ հաջորդ տարվա համար կսկսի ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ բանակցություններ Կիեւի հետ։ Ուկրաինան ամեն դեպքում ունի բավական զարգացած ռազմա-արդյունաբերական համալիր եւ կարող է ինչ ինչ մատակարարումներ իրականացնել Երեւանին։ Սա կարող է լինել զգաստացնող քայլ Մոսկվայի համար, եթե հաշվի առնենք, Մոսկվայի եւ Կիեւի հարաբերությունների ներկա վիճակը։

Կարող են ընտրվել նաեւ այլ երկրներ, որոնք զենքի բիզնեսի ոլորտում մրցակից են Մոսկվային։ Սակայն հարցերի հարցը այն է, թե կունենա արդյոք պաշտոնական Երեւանն այդքան համարձակություն։