Մոսկովյան հանդիպումից հետո Ղարաբաղյան ճակատու...

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ ահազանգել էր, որ ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրիչ գործողությունների։ Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ կարդում ենք․ «Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա»։

Չափազանց ուշագրավ է այն, որ Բաքուն որոշում է սադրիչ գործողություններ իրականացնել այն նույն ժամերին, երբ Մոսկվայում ընթանում են Պուտին-Էրդողան բանակցությունները Սիրիական Իդլիբի հարցով։ Կարելի է ասել, որ Բաքուն որոշել է կրկին փորձել դիմացինի նյարդերի ամրությունը, հատկապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունից հետո, որ ՀԱՊԿ-ը հարկ եղած դեպքում կօգնի Հայաստանին։

Մոսկովյան Պուտին-Էրդողան հանդիպումը կարելի է համարել Էրդողանի համար պարտություն եւ բավական լուրջ պարտություն։ Այն տեսակետը, թե Էրդողանը կարող է թեժացնել Ղարաբաղի հարցը Մոսկվայի թիկունքում, հետեւաբար մնում է խիստ արդիական, քանի որ կարելի է ասել, որ ռուսները ոչինչ չզիջեցին Սիրիայի հարցով։ Կուլ կտա արդյոք այդ պարտությունն Էրդողանը, դժվար է ասել, բայց եւ պետք է պատրաստ լինել, էքսցենտիկ թուրք նախագահի «փոքր եղբոր» ոչ պակաս արկածախնդիր գործողություններին դիմագրավելու։