Մնացականյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալին...

Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Քաղաքական և խաղաղաշինության հարցերով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

«Զրուցակիցները բարձր գնահատեցին ՄԱԿ կառույցների հետ հաստատված ակտիվ և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու դրա խորացմանը և ընդլայնմանն ուղղված համատեղ քայլերը: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքն՝ ուղղված երկրում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և կայուն զարգացմանը, դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացմանը։ Որպես առաջնահերթություն ընդգծվեց տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովման կարևորությունը: Երկրում տեղի ունեցող գործընթացներում Հայաստանի ԱԳ նախարարն առանձնացրեց երիտասարդության և կանանց ակտիվ ներգրավվածությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ։ Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ նախարար Մնացականյանը Ռոզմարի ԴիԿարլոյին տեղեկացրեց նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին, ինչպես նաև ներկայացրեց հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները»,- ասված է հաղորդագրությունում: