Մնացականյանն ու Լավրովը անդրադարձել են նաև ԼՂ...

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարները՝ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովն այսօր Աշխաբադում հանդիպել են: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Հոկտեմբերի 10-ին և 11-ին Աշխաբադում տեղի են ունենալու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը:

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցը:

«Այսօր մենք լավ հնարավորություն ունենք Աշխաբադում անցկացնել երկկողմ հանդիպում և տեսնել՝ ինչպես ենք մենք աշխատում մեր երկրների ղեկավարների՝ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ»,- հանդիպման սկզբում ասել է Լավրովը:

Նա նշել է, որ երկրները շատ ինտենսիվ երկխոսում են թե առաջին դեմքերի, թե ԱԳ նախարարների, թե արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակիցների մակարդակով: Լավրովը նշել է նաև շատ ինտենսիվ տնտեսական համագործակցության մասին:

«Այնպես որ մենք այսօր կարող ենք տեսնել՝ էլ ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի ամեն ինչ հարթ ընթանա»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նաև հավելել է.

«Բնականաբար, սա շատ լավ հնարավորություն է՝ քննարկել մեր համագործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ ՀԱՊԿ-ում, ԵԽ-ում, ՄԱԿ-ում և, իհարկե, հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումներում»:

Զոհրաբ Մնացականյանը նույնպես ընդգծել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության ինտենսիվությունը: Նա նշել է՝ երկու երկրների միջև տեղի է ունենում «թե´ միջազգային, թե´ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ դրական երկխոսություն»:

Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են նաև ԼՂ խնդրի կարգավորման թեմային: