Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ՝ ինչ...

Սպասվում է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Սա թերեւս այս տարում երկու ԱԳ նախարարների առաջին հանդիպումն է։ Հանդիպումը տեղի է ունենալու Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում՝ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության հովանու ներքո։

Նշենք, որ արդեն ՄԽ համանախագահների հետ հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Օրակարգում բնականաբար լինելու է Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը։ Այս սպասվող հանդիպման ֆոնին, չափազանց ուշագրավ է երեկվանից սկսված «ասֆալտին փռելու» օպերացիաների շարքը Հայաստանում՝ ընդդիմադիր հայացքներ ունեցողների հանդեպ։

Տպավորություն է, որ իշխանությունները ամեն բան անում են Հայաստանի ներսում ներքաղաքական եւ ներհասարակական լարվածություն կամ դրա պատրանքը ստեղծելու համար։ Սա, եթե անկեղծանանք, ապա բավական հին ու փորձված մեթոդ է, որը աշխատել է տարիներ շարունակ, կարող է աշխատել նաեւ հիմա։

Բանն այն է, որ այդ լարվածությունը կամ դրա տպավորությունը կարող է շատ լավ կապիտալիզացվել եւ համապատասխան փաթեթավորմամբ այսօր Ժնեւում ներկայացվել որպես խնդիր, որի առաջ կանգնած է Հայաստանի իշխանությունը եւ որի պատճառով, իրավիճակը էլ ավելի չլարելու համար, չի կարող առաջ գնալ բանակցային գործընթացում։

Ըստ էության, այս երկու օրերին կատարվող իրադարձությունները՝ բերման ենթարկումներ, դիմակավորված հատուկ ջոկատայիններով օպերացիաներ եւ այլն, կարող էն հնարավորություն տալ Նիկոլ Փաշինյանին ժամանակ շահել բանակցային գործընթացում հնարավոր ինչ ինչ հարցերի պարագայում։ Ի դեպ, ժամանակին, կարելի է այսօր արդեն հետհայացքով ֆիքսել, որ նախկին իշխանություններն էլ, գուցեեւ այս մեթոդը կիրառել են, այնպես որ Փաշինյանը նույնիսկ այս հարցում նախկիններից չի տարբերվում։