Մինչև տարեվերջ մենք կունենանք արդյունքի մասին...

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե գազի գինը բարձրանալո՞ւ է, թե՞ ոչ:

Ի պատասխան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի վերաբերյալ բանակցությունների վերջնական արդյունքի մասին պատկերացում կլինի մինչև տարեվերջ:

«Իհարկե, բոլորիս ցանկությունն է օր առաջ հասկանալ սակագնի վերջնական կառուցվածքը: Հավատացնում եմ, որ գործընթացը մենք չենք դանդաղեցնում, ուղղակի ուզում ենք հասնել հիմնային լուծման, որն էլ նշանակում է, որ իրոք ցանկացած բաղադրիչ քննարկվի այնպես, որպեսզի մենք կարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել ոչ թե ստանդարտ մեթոդով՝ մեկ կամ երկու տարիների համար, այլ ունենալու հիմնային պայմանավորվածությունը, որը հնարավորություն կտա տնտեսությանը ձևավորել իր սպասումներն ու ներդրումային ծրագրերը: Մինչև տարեվերջ մենք կունենանք արդյունքի մասին վերջնական պատկերացում»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը:

Ըստ փոխվարչապետի՝ չենք ունենա մի իրավիճակ, որ դեկտեմբերին ստիպված լինեն քննարկում կազմակերպել, և հայտարարել, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանում է:

«Չեմ կարծում նաև, որ սակագինը կփոխվի դեպի թանկացում ձմեռային ամիսներին»,- ասաց փոխվարչապետը: